«Տեֆի-համագործակցություն» միջազգային 6-րդ հեռուստատեսային փառատոնը կկայանա Երեւանում
ОБЩЕСТВО«Տեֆի-համագործակցություն» միջազգային 6-րդ հեռուստատեսային փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 15-18-ը Երեւանում:
«Լրատվությունը մեր մասնագիտությունն է» խորագիրը կրող փառատոնի նպատակն է ԱՊՀ տարածքում ստեղծել միասնական լրատվական հարթակ, օժանդակել հեռարձակման բնագավառում նորությունների տարածմանը, ինչպես նաեւ նպաստել հեռուստաընկերությունների եւ տվյալ բնագավառի մասնագետների միջեւ համագործակցության ամրապնդմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հեռուստատեսային փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել տեսանյութեր, որոնք ԱՊՀ տարածքում եթեր են հեռարձակվել 2015 թվականի հունիսի 1-ից մինչեւ ընթացիկ տարվա մայիսի 31-ը ներառյալ: Ներկայացվող տեսանյութերը պետք է լինեն ամենօրյա լրատվական թողարկումներ կամ որոշ հատվածներ լրատվական թողարկումներից (առավելագույնը 30 րոպե տեւողությամբ), շաբաթվա ամփոփիչ տեղեկատվական-վերլուծական թողարկում կամ հատված (առավելագույնը 60 րոպե տեւողությամբ): Տեսանյութերը պետք է արտացոլած լինեն օրվա կամ շաբաթվա տեղական կամ միջազգային գլխավոր նորություն ները, կարող են լինել մշակութային կամ մարզական նորություններ, ինչպես նաեւ հարցազրույցներ կամ հատուկ ռեպորտաժներ:
Աշխատանքներն անհրաժեշտ է ներկայացնել ռուսերեն լեզվով (թարգմանության դեպքում իրականացնել ձայնադրում եւ ավելացնել ենթագրեր):
Աշխատանքները պետք է լինեն ամբողջական, առանց գովազդային հատվածների:
Խախտումներ հայտնաբերվելու դեպքում կազմակերպիչները կարող են հանել աշխատանքները փառատոնի ցանկացած փուլից:
Տեսանյութերի հանձնման վերջնաժամկետը հուլիսի 20-ն է:
Միջոցառման ընթացքում նախատեսվում են աշխատանքների ցուցադրություններ, քննարկումներ, վարպետության դասընթացներ ժամանակակից հեռուստատեսության արդիական խնդիրների շուրջ, ինչպես նաեւ հանդիպում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
«Տեֆի-համագործակցություն» փառատոնը կազմակերպում է «Ռուսական հեռուստատեսության ակադեմիան»՝ ԱՊՀ երկրների մարդասիրական համագործակցության միջկառավարական հիմնադրամի եւ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աջակցությամբ:



