Սերգեյ Մաթեւոսյանի դեղագործական ընկերությունը կազատվի ներմուծման մաքսատուրքից
ОБЩЕСТВОՀայաստանի Առեւտրաարդյունաբերական Պալատի խորհրդի անդամ Սերգեյ Մաթեւոսյանին պատկանող «Լիկվոր դեղագործական» ընկերությունը այսուհետեւ ազատ կլինի ներմուծման մաքսատուրքից: Կառավարության հուլիսի 14-ի նիստի օրակարգ է ներառվել «Լիկվոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը՝ տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր, հումք եւ նյութեր ներմուծելու մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու վերաբերյալ:
Ինչպես կարդում ենք նախագծի մեջ՝ այս որոշման նախագծի մշակումը պայմանավորված է «Լիկվոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու անհրաժեշտությամբ:
Նման արտոնություն տալը պատճառաբանվում է նոր ներդրումային ծրագրերի իրականացման համար լուրջ խթան հանդիսանալն եւ որպես հետեւանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթան լինելը:
Նախագիծը պատրաստվել է էկոնոմիկայի նախարարության կողմից:
Համացանցից տեղեկանում ենք, որ «Լիկվոր» ընկերությունը հիմնվել է 1991թ. եւ եղել Հայաստանում առաջին դեղ արտադրող ոչ պետական ընկերությունը: Ընկերության տեսականին ներառում է 60-ից ավելի դեղեր՝հիմնականում դրանք ներերակային, ներմկանային ներարկման եւ ակնաբուժական հեղուկ ստերիլ դեղամիջոցներ են:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



