Բժշկական համալսարանի շուրջ 700 շրջանավարտներ ստացել են ավարտական վկայականներ
ОБЩЕСТВО«Արամ Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 12-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 2015-2016 ուստարվա շուրջ 700 շրջանավարտներ ստացել են ավարտական վկայականներ: Այնուհետև տեղի է ունեցելվ ապագա բժիշկների երդման արարողությունը, որի ժամանակ բժիշկներն արտաբերել են նաև հետևյալ տողերը: «Ստանալվ բժշկի բարձր ու պատվավոր կոչում և անցնելով բժշկական գործունեության՝ երդվում եմ լինել Հիպոկրատի, Մխիթար Հերացու և այլ մեծանուն բժշկապետերի ավանդույթների արժանի հետևորդը, բարեխղճորեն ու պատասխանատվությամբ կատարել մասնագիտական պարտականությունները…»: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից,որի հաղորդագրության մեջ նշված է. «Միջոցառումն ուղեկցվեց մշակութային ծրագրով: Երեկոն երաժշտական հչյուններով զարդարում էր Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը՝ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ: Հանդես եկան նաև մշակույթի այլ գործիչներ:
Բժշկական համալսարանի շրջանավարտներին շնորհավորեց բուհի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, այնուհետև հանձնեց գերազանցության դիպլոմները: Երեկոյին ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Նախարարը վստահեցրեց, որ Բժշկական համալսարանն այսօր իր կարևոր դերակատարությունն ունի այս ոլորտում, ինչի մասին վկայում է բուհի հեղինակությունը. «Կրթության հիմնական դերակատարումը աշխատաշուկային սպասարկելն է, հատկապես մեր երկրներում, երբ սոցիալական լարվածություն, գործազրկության հետ կապված խնդիրներ կան: Բարձրագույն կրթությունն ապահովում է տվյալ մասնագիտության շարունակականությունը, և բժշկի մասնագիտությունը տվյալ դեպքերի համար անվտանգության ապահովման առումով էլ լուրջ դերակատարություն ունի»:
Բուհի ռեկտորն էլ տեղեկացրեց, որ շրջանավարտները դեռ պետք է շարունակեն ուսումը, քանի որ բժշկական բարձրագույն կրթությունն ունի երկու բաղադրիչ՝ բազային կրթություն և հետդիպլոմային մասնագիտական կրթություն. «Այս երիտասարդների առաջ լուրջ խնդիր է կանգնած. ինչպես ընտրել մասնագիտություն: Մենք անում ենք ամեն ինչ, որ իրենք ընտրեն այն մասնագիտությունը, որ իրենց է դուր գալիս և բացահայտվեն այն ունակությունները, որոնցով նրանք համապատասխան կլինեն մասնագիտական պահանջներին»:
ՀՀ ԱԺ պատգամավոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Կարեն Ավագյանն ակամայից հիշեց իր ավարտական երեկոն. «Իրականում այս երեկոն ցանկացած բժշկի համար հիշարժան է դառնում: Դա այն սահմանն է, որտեղից այս ուսանողները տեղափոխվում են առողջապահական համակարգ: Մի բան է, երբ դու ուսուցանում ես այդ համակարգում, մեկ այլ բան, երբ ողջ պատասխանատվությունը քեզ վրա ես վերցնում: Բժշկական համալսարանի ուսանողությունը միշտ պատվով է այդ պատասանատվությունը վերցրել ցանկացած աշխատանք իրականացնելուց: Ոչ բոլորն են դառնում բժիշկներ, ինչպես տեսնում եք, բայց ամեն դեպքում, որտեղ էլ լինում են մեր շրջանավարտները, պատասխանատվությունը, մարդասիրությունը, աշխատանքին վերաբերմունքը մի փոքր առանձնահատուկ է. դա գալիս է մասնագիտությունից»:
ԵՊԲՀ շրջանավարտների երդման արարողությունը կազմակերպել էր ԵՊԲՀ ռեկտորատը, ուսանողական խորհրդարանն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը»:



