Ջավախքում Քաչոտյանների սպանության մեջ կասկածվող 24-ամյա հայ համագյուղացին խոստովանել է արարքը
ОБЩЕСТВОՋավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում ընտանիքի 4 անդամների սպանության գործով ձերբակալվածներից մեկը՝ նույն գյուղի 24-ամյա հայ բնակիչ, ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Այս մասին NEWS.am-ին ասաց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը:
«Տղան տուն է մտել կամ բռնաբարության, կամ գողության նպատակով, ինչը դեռ կպարզի քննությունը: Աղջիկն արթնացել է, հանցագործը դանակով խփել, սպանել է, որից հետո դանակով խփել է նաեւ մորը: Հետո գազը բաց է թողել, գնացել է, դռներն ու պատուհաններն էլ փակել է, որ ընտանիքի մյուս անդամները խեղդվեն»,- ասաց Հենզել Մկոյանը՝ նշելով, որ երիտասարդն իր հետ երկու բջջային հեռախոս է տարել, որոնցից մեկը կոտրել է:
News.am-ը գրում է.
24-ամյա տղան ամուսնացած է, կնոջ ու երկու տարեկան երեխայի հետ բնակվում է նույն գյուղում: Դեպքից հետո կնոջն ու երեխային ժամանակավորապես տեղափոխել են Բակուրիանի, որ նրանցից վրեժ չլուծեն:
Հենզել Մկոյանը նշեց, որ պատահածը աննախադեպ է եւ հայաբնակ գյուղի, եւ Վրաստանի պատմության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին` մորը եւ 7, 13, 18 տարեկան երեխաներին, հուլիսի 10-ին, հարեւանները հայտնաբերել են սպանված:
Նախնական տեղեկություններով, հանցագործը մորն ու աղջիկներին սպանել է բութ գործիքի հարվածներով, իսկ տղային խեղդամահ է արել:
Նշենք, որ Վաչիանը Ջավախքի Ախալքալաքի շրջանի հայաբնակ գյուղերից է, Վաչիանի կողքով է անցնում նորաբաց թուրք-վրացական միջպետական սահմանը:
Մահացածներին գտնելու պահին տան իրերը` սեղան ու աթոռները հատակին ընկած են եղել, իսկ տունը ծխից մրոտված:
Նշենք, որ ընտանիքի հայրը` Վաղինակ Քաչոտյանը, Ռուսաստանի Դաշնությունում է` արտագնա աշխատանքի:



