Վատ եղանակի պատճառով Ապարանում չեն կարողանում վերացնել հեղեղումների հետևանքները
ОБЩЕСТВОԵղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում հեղեղումների հետևանքները չեն կարողանում վերացնել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ապարանի փոխքաղաքապետ Ժորա Երեմյանը:
«Այս քանի օր է տեղումները չեն դադարում, չենք կարողանում հետևանքների վերացման աշխատանքներն ավարտին հասցնել, այս գիշեր նույնպես հորդառատ անձրևներ էին, կարկուտ: Եղանակի պատճառով չենք կարողանում նորմալ աշխատել»,-ասաց Ժորա Երեմյանը: Նա տեղեկացրեց, որ ներկա փուլում փորձում են իրականացնել սելավատարերի մաքրման աշխատանքները, ինչպես նաև փոխել ջրերի հուները:
«Սելավն իր հետ բերել է տիղմ, կենցաղային աղբ, հող և այլն: Ահա այդ ամենը կուտակվել է սելավատարերում, հիմա փորձում ենք մաքրել, բայց բնությունը, կարծես, չարացել է մեր դեմ, չենք կարողանում ավարտին հասցնել»,-ասաց Ժորա Երեմյանը:
Փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ երկու օրից վերջնականապես պարզ կլինի, թե հեղեղումներից Ապարան քաղաքին ինչ վնաս է հասել: Նրա խոսքով, և' բնակիչներն են տուժել, և' ենթակառուցվածքներն են վնասվել:
Հուլիսի 6-ին հեղեղումների հետևանքով Ապարան քաղաքին հասած վնասի չափը ճշտելու համար ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը տեղում աշխատում է:



