Հայաստանում մեծ տեղ են տալիս երաժշտությանն ու արվեստին. նմանատիպ 183 դպրոց ունենք
КУЛЬТУРА
Հայաստանում թվով 209 երաժշտական, արվեստի, գեղարվեստի ու պարարվեստի դպրոց է գործում, որտեղ սովորում է 36 հազար 520 աշակերտ եւ դասավանդում չորս հազար 545 ուսուցիչ:
Երեւանը եւ Շիրակի մարզը երաժշտական, արվեստի, գեղարվեստի եւ պարարվեստի դպրոցների թվով զբաղեցնում են առաջին տեղը Հայաստանում: Մայրաքաղաքում գործում է նմանատիպ 29 դպրոց, որից 17-ը երաժշտական դպրոցներն են, 10-ը՝ արվեստի, մեկական գեղարվեստի ու պարարվեստի դպրոցներ կան: Ընդհանուր առմամբ երեւանյան մշակութային դպրոցների աշակերտների թիվը կազմում է 12 հազար 731:
Շիրակի մարզում նույնպես նույնքան մշակութային դպրոցներ կան, սակայն մեկ տարբերությամբ՝ գերակշռւմ են արվեստի դպրոցները: Դրանք մարզում 15-ն են, իսկ երաժշտական դպրոցների թիվը 11 է: Շիրակը Հայաստանի մարզերից առաջատարն է նաեւ այդ դպրոցներում սովորող աշակերտների թվով՝ 3477:
Ամենից քիչ նմանատիպ դպրոցներ կան Վայոց ձորում՝ ընդամենը 6-ը, որից 4-ը արվեստի, եւ մեկական երաժշտական ու գեղարվեստի դպրոց: Ընդհանուր առմամբ մարզի այս դպրոցներ է հաճախում 831 սան: Պարարվեստի դպրոց Վայոց ձորում չկա: Ինչպես նաեւ չկա հանրապետության մի շարք մարզերում: Բացառություն են կազմում Արագածոտնի, Լոռու եւ Շիրակի մարզերը, ինչպես նաեւ մայրաքաղաք Երեւանը, որտեղ գործում է պարարվեստի մեկական դպրոց:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան




















































