ԻՊ–ը Բանգլադեշին սպառնում է նոր ահաբեկչություններով
МЕЖДУНАРОДНОЕԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինները նորից հայտարարել են Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնելու մասին եւ երկրին նոր հարձակումներով են սպառնացել, հայտնում է Dhaka Tribune–ը։
ԻՊ–ն ավելի վաղ արդեն հայտարարել էր, որ իր վրա է վերցնում Դաքքայի ահաբեկչության պատասխանատվությունը, սակայն երկրի իշխանությունները կարծում են, որ գրոհի հետեւում բանգլադեշցի ահաբեկիչներն են կանգնած։
Dhaka Tribune–ի փոխանցմամբ՝ համացանցում տեսանյութ է հայտնվել, որը ենթադրաբար նկարահանվել է Սիրիայի Ռաքքա քաղաքում։ Տեսանյութում ծագումով բանգլադեշցի երեք գրոհային քննադատում են երկրի պետական կառուցվածքը եւ հայտարարում, որ Դաքքայի ռեստորանի վրա հարձակումը մուսուլմանների դեմ հանցագործությունների վրեժն էր։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ի երեկոյան զինված անձինք հարձակվել էին Դաքքայի դիվանագիտական թաղամասում գտնվող ռեստորանի վրա եւ մարդկանց պատանդ վերցրել։ Հաջորդ առավոտյան ոստիկանությունը գրոհ էր կազմակերպել, որի արդյունքում ազատվել էր 13 պատանդ, սպանվել 6 գրոհային։ Միջադեպից զոհվել է 20 պատանդ եւ 2 ոստիկան։



