Իսրայելը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը. կարծիքներ
МЕЖДУНАРОДНОЕՀՀ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը շանսեր չի տեսնում Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում այսօր քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հարցում:
«Կարծում եմ` այս անգամ էլ չի անցնի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իսրայելի ու Թուրքիայի կողմից սկսվել է Իսրայելի ու Թուրքայի միջև հարաբերությունների կարգավորում»,–ասաց նա:
Ըստ ԳԱԱ արևելագիտության տնօրենի` Իսրայելի քաղաքական շրջանակում շատ հզոր են այն խմբավորումները, որոնք կողմ են թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորմանը, և ըստ Սաֆրաստյանի կանխատեսումների` ամեն կերպ խոչընդոտելու են:
Հիշեցնենք՝ 2015թ. հուլիսի 8-ին Իսրայելի խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովը բաց նիստ էր գումարել, և միաձայն որոշվել էր բանաձևն ուղարկել արդեն լիագումար նիստ: Նույնիսկ առաջարկ եղավ Հայաստանի Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին քննարկել հարցը, սակայն օգոստոսի վերջից ակտիվացած հրեա-արաբական հակամարտությունը, փողոցային ահաբեկչական հարձակումները, որոնք շարունակվեցին մինչև այս տարվա մարտ, շեղեցին ուշադրությունը բանաձևից:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը առաջին անգամ մոտ երեք տասնյակ հայեր՝ Իսրայելի տարբեր հասարակական կազմակերպություններից ու կուսակցություններից, մասնակցելու են բանաձևի քննարկմանը Քնեսեթի դահլիճում: Հայերի հետ Քնեսեթ են ժամանելու նաև բազմաթիվ հրեա մտավորականներ ու հայ ժողովրդի բարեկամներ, ինչպիսիք են Խայմ և Յաիր Արոնները, Իսրայել Չարնին, Յակով Ախիմեյրը և այլոք:
Նշենք, որ ռուսաստանյան փորձագետ Անդրեյ Արեշևը, Tert.am –ի հետ զրույցում, անդրադառնալով Բունդեսթագի` Հայոց ցեղասպանության բանաձևին, դրա ընդունումը պայմանավորել էր նրանով, որ գերմանացիները «պատժել են» հրեաներին, նախ, որպեսզի նրա ձևակերպմամբ` համաշխարհային պատմության մեջ վերացնեն «Հոլոքոստ» երևույթի այսպես կոչված` բացառիկությունը: Կա՞ն նման տրամադրություններ հրեաների մոտ:
Ռուբեն Սաֆրաստյանն ինչ-որ առումով համամիտ է ռուս փորձագետի հետ.«Իհարկե, կան, դրանք եղել են ի սկզբանե, և հենց այդ պատճառով մինչև հիմա չեն ընդունել: Բայց, սառույցը կարծես, շարժվեց, երբ վատացան թուրք-իսրայելական հարաբերությունները: Այսինքն` դա օգտագործվում էր որպես Թուրքիայի նկատմամբ ճնշման միջոց»:
Թուրքիայի նախագահի վերջին շրջանում իր արտաքին քաղաքականության կտրուկ սրբագրումները, երբ վերականգնեց հարաբերությունները ՌԴ-ի (հիմա փորձում է դա անել Իսրայելի հետ) Ռուբեն Սաֆրաստյանը բացատրում է այն հանգամանքով, որ Թուրքիան վերագնահատում էր իր արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքում ու տարածաշրջանում` հասկանալով, որ կանգնած է մեկուսացման իրական վտանգի առջև: Հետևաբար, հիմա փորձում է քայլեր ձեռնարկել` այս մեկուսացումը թույլ չտալու կամ թուլացնելու համար:
Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանն էլ Tert.am–ի հետ զրույցում փոխանցեց, որ առանձնապես լավ սպասումներ չունի:
«Թուրքիայի նենգության շնորհիվ` Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների վերականգնման մասին համաձայնագրում անկյունաքարային էր Հայոց ցեղասպանության բանաձևի չճանաչումն էր»,- նշեց Ռիմա Վարժապետյանը և հավելեց, որ միայն այն, որ նախագիծը ներառված է օրակարգում, արդեն իսկ մեծ հաղթանակ է:



