Խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ավստրալիան քաղաքական փակուղում է հայտնվել
МЕЖДУНАРОДНОЕՇաբաթ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների լիովին անորոշ արդյունքների պատճառով Ավստրալիան քաղաքական ճգնաժամի վիճակում է հայտնվել: Այդ մասին այսօր գրում է The Sydney Morning Herald թերթը` իրավիճակը կոչելով «քաղաքական փակուղի, որից դուրս գալու համար շաբաթներ պետք կլինեն»:
Ընտրություններում հաղթելու համար երկրի երկու առաջատար կուսակցություններից մեկը` Լիբերալ-ազգային կոալիցիան (ԼԱԿ) կամ լեյբորիստները պետք է ստանային Ներկայացուցիչների պալատի (դաշնային խորհրդարանի ստորին պալատի) 150 տեղից 76-ը: Ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն, ԼԱԿ-ը 70 տեղ կզբաղեցնի, լեյբորիստները` 67, անկախ պատգամավորները` վեց, իսկ մնացած յոթ շրջանում կամարտահայտության արդյունքները լիովին հավասար են եղել, ինչը ձայների մանրազնին հաշվարկ կպահանջի, որը ենթադրաբար կավարտվի ուրբաթ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Փորձագետների գնահատականներով, յոթ շրջաններից հինգում ամենայն հավանականությամբ կհաղթեն ԼԱԿ-ի ներկայացուցիչները, իսկ մնացած երկուսում` լեյբորիստները: Այսպիսով, ընտրությունների առավել հավանական արդյունքը կդառնա այսպես կոչված կախված խորհրդարանը, որում ԼԱԿ-ին կառավարություն ձեւավորելու համար անհրաժեշտ կլինի ստանալ մի քանի անկախ պատգամավորի աջակցությունը: Դա անելը չափազանց բարդ կլինի, որովհետեւ ավելի վաղ ԼԱԿ-ի առաջնորդ, երկրի վարչապետ Մալքոլմ Տերնբուլը բազմիցս հայտնել է, որ նոր խորհրդարանում ոչ մի կոալիցիոն դաշինք չի կնքելու:
Եվ Տերնբուլլը, եւ լեյբորիստների առաջնորդ Բիլլ Շորթենն այժմ ավստրալացիներին կոչ են անում համբերություն դրսեւորել եւ սպասել ձայների վերահաշվարկի պաշտոնական արդյունքներին: Շորթենն այս օրերին իրեն ինքնավստահ է զգում, որովհետեւ շաբաթ օրվա ընտրություններին նրա կուսակցությունն անհամեմատ ավելի լավ է հանդես եկել, քան երեք տարի առաջ (նախորդ Ներկայացուցիչների պալատում լեյբորիստները 55 մանդատ ունեին): Իսկ ԼԱԿ-ի առայժմ իր գործունեությունը շարունակող կառավարության ղեկավար Տերնբուլլը ծայրաստիճան բարդ վիճակում է հայտնվել. պահպանողական թեւի շատ ներկայացուցիչներ բացահայտ քննադատությամբ են հանդես գալիս իրենց առաջնորդի հասցեին, իսկ նրանցից ոմանք նրա հրաժարականն են պահանջում` հիշեցնելով, որ 2013-ի ընտրություններին հաղթանակից հետո ԼԱԿ-ը խորհրդարանի ստորին պալատում 90 տեղ էր զբաղեցրել:



