Brexit-ը չի փոխի Եվրամիության ընդլայնման կուրսը. Մերկել
МЕЖДУНАРОДНОЕՉնայած բրիտանական հանրաքվեի՝ Brexit-ի արդյունքներին՝ Արևմտյան Բալկանների երկրները նախկինի պես շարունակում են մնալ ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրներ, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։
«Մեծ Բրիտանիայի որոշումից հետո ոչինչ չի փոխվել»,-ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Փարիզում արևմտաբալկանյան պետությունների գագաթնաժողովի ընթացքում:
Նրա խոսքով՝ հակառակը՝ խոսքն այնպիսի պայմանների մասին է, որոնք նրանք պետք է իրականացնեն, որպեսզի անդամակցության հարցում առաջընթացի հասնեն:
Կանցլերը, նկատի ունենալով Սերբիան, Ալբանիան, Կոսովոն և Մակեդոնիան, նշել է, որ այդ երկրներից յուրաքանչյուրը տարբեր մակարդակի է հասել:
Այն մասին, որ Brexit-ը (ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեն- Խմբ.) չի փոխի արևմտաբալկանյան երկրների` ԵՄ-ին անդամակցելու կուրսը, հայտարարել են նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Խորվաթիայի վարչապետ Տիխոմիր Օրեշկովիչը:
Երրորդ գագաթնաժողովին մասնակցում են ԵՄ 6 երկրների պատվիրակություններ՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, Խորվաթիայից, Սլովենիայից և 6 բալկանյան երկրներ՝ Ալբանիան, Կոսովոն, Մակեդոնիան, Չեռնոգորիան, Սերբիան ու Բոսնիա և Հերցեգովինան: Հանդիպմանը մասնակցում է նաև եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
Գագաթնաժողովի ընթացքում քննարկվում են ԵՄ-ի և Հարավարևելյան Եվրոպայի երկրների մերձեցման հեռանկարները:



