Վերին Լարսում ՀՀ քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի հարցով կզբաղվի ՌԴ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը
ОБЩЕСТВОNews.am-ը գրում է.
Վերին Լարսում ՀՀ քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի հարցով ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանի պաշտոնական նամակից հետո Ռուսաստանի Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հանձնարարությամբ նշանակվել է մշտական ներկայացուցիչ:
«Արման Թաթոյանի՝ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հեռախոսազրույցից եւ պաշտոնական նամակից հետո Տատյանա Մոսկալկովայի հանձնարարությամբ նշանակվել է մշտական ներկայացուցիչ, որը զբաղվելու է մեր կողմից բարձրացված նշյալ հարցերով եւ մշտապես կապի մեջ է լինելու մեզ հետ: Մենք շնորհակալ ենք ռուսական կողմին արագ արձագանքման եւ հարցին հետեւողական լինելու համար»,- NEWS.am-ի թղթակցին ասաց ՄԻՊ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը:
Հիշեցնենք, որ հիմք ընդունելով լրատվամիջոցներով տարածված տեղեկությունները, որ ՌԴ տարածքում գտնվող Վերին Լարս անցակետի հատվածում մնացած ՀՀ քաղաքացիները ռուսաստանյան միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ենթարկվում են վատ վերաբերմունքի, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիների համար խնդիրներ են ստեղծվում նաեւ ՌԴ իրավապահ մարմինների հետ հարաբերություններում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 4-ին հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում Արման Թաթոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նշված հարցերին եւ խնդրել վերջինիս իր լիազորությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել բարձրացված խնդիրներին լուծում տալու, վատ վերաբերմունքի դեպքերը բացառելու ուղղությամբ:



