Ամուսնուս անընդհատ հիշեցնում եմ, որ իրեն շատ եմ սիրում. Հասմիկ Կարապետյան
ЛАЙФTert.am Youth-ը բլից հարցազրույցների շրջանակում փորձել է անսովոր հարցերի միջոցով բացահայտել երգչուհի Հասմիկ Կարապետյանի բնավորությունն ու տրամադրությունը։ Նշենք նաև, որ այսօր երգչուհու ծննդյան օրն է։ Հասմիկը տոնում է իր ծննդյան 39-րդ տարեդարձը ։)
-Առաջին բանը, որ անում եք արթնանալուց անմիջապես հետո:
-Շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ այսօրվա լույսն էլ բացվեց ինձ համար:
-Ի՞նչն է Ձեր առօրյա օրակարգի անբաժանելի մասը կազմում:
-Ամուսնուս անընդհատ հիշեցնելը, որ իրեն շատ եմ սիրում։
-Քանի՞ ժամ եք հասցնում տանը մնալ:
-Միանշանակ պատասխան չունեմ այս հարցին, քանի որ օրեր են լինում, երբ ընդհանրապես տանից դուրս գալ չեմ ուզում և կան օրեր, երբ մեկ ժամ անգամ չեմ հասցնում տանը լինել:
-Արդյո՞ք հեշտ է կենցաղը Հասմիկ Կարապետյանի հետ:
-Կարծում եմ շատ հեշտ է, որովհետև կենցաղին մեծ նշանակություն չեմ տալիս: Կենցաղը մեր կյանքի անբաժանելի մասն է և պետք չէ այն խնդրահարույց դարձնել: Իմ կարծիքով, յուրաքանչյուր տղամարդու համար հեշտ կլիներ ինձ հետ կենցաղում:
-Ո՞րն է Ձեր թաքնված տաղանդը ինչի մասին շատ քչերը գիտեն:
-Սովորել եմ թաքցնել բացասական երևույթները, որոնք ներսումս են կատարվում և սովորել եմ ցույց չտալ իմ թույլ կողմերը:

-Ձեր կյանքը միայն ո՞ւմ կվստահեք:
-Աստծուն:
-Լավագույն գովեստը, որ երբևէ Ձեր հասցեին լսել եք:
-Լավագույն գովեստն այն է, որ ինձ համարում են անկեղծ մարդ: Ամենագնահատելին հենց դա է:
-Ամենասիրելի ճաշատեսակը:
- Լոլիկով ձվածեղ:
-Ամենասիրելի հեղինակը:
- Պարույր Սևակ:
-Ամենասիրելի երաժշտական խումբը:
-Evenensis:
-Ամենաանհաջող երգչուհին:
-Բրիթնի Սփիրս, Իրինա Սալտիկովա:
-Ո՞ւմ հետ կցանկանայիք դուետ ունենալ:
-Գուցե տարօրինակ թվա մարդկանց, բայց կուզենայի Մաքս Վադեևի հետ դուետով հանդես գալ: Կարծում եմ մեր համատեղ աշխատանքը լավ արդյունքների կհանգեցներ: Նրա ստեղծագործական կյանքն ինձ համար շատ հոգեհարազատ է:

-Երաժշտությունը…
-Երաժշտությունն ինձ համար կյանք է և ոչ մի վայրկյան կյանքս չեմ կարող պատկերացնել առանց այդ երևույթի:
-Ամենասիրելի երկիրը:
-Ինձ շատ հոգեհարազատ է Իսպանիան, քանի որ այնտեղ շատ մեծ ջերմություն եմ զգացել: Սիրեցի իսպանական երաժշտության կիրքը, ֆլամենկոն, ծովը…
-Ամենասիրելի քաղաքը
-Բարսելոնա:
-Անհավանական ճամփորդությունը:
-Ավստրալիան, քանի որ շատ հետաքրքիր էր ու անսպասելի բնապատկերներով, կենդանական աշխարհով և սովորույթներով: Ավստրալիայում ճամփորդությունը երազանքի պես բան էր:

-Ծովափնյա սիրավեպ ունեցե՞լ եք:
-Չեմ հիշում (ծիծաղում է ): Երևի թե ունեցել եմ, որովհետև ծովափում հանգստանալ շատ եմ սիրում ու չի բացառվում, որ ինձ են սիրահարվել կամ ես եմ սիրահարվել:
-Խանդո՞տ եք:
-Խանդոտ չեմ` սեփականատեր եմ:
-Ի՞նչը կարող է Ձեզ հունից հանել:
-Ինձ հունից հանում է նախանձը, չարությունն ու կեղծիքը:
-Վերջին անգամ ինչի՞ց եք ամաչել:
-Չեմ ամաչել: Աշխատում եմ այնպես ապրել, որպեսզի չամաչեմ հետո:
-Ո՞րն է Ձեր ամենասիրելի արտահայտությունը:
-Փառք Աստծոն:
-Ո՞ր տարիքն եք առանձնացնում Ձեր կյանքում:
-Կառանձնացնեմ 23 տարեկանից մինչ 30-նն ընկած ժամանակաշրջանը: Այդ ընթացքում ես ազատվեցի վարդագույն ակնոցից ու ձևավորվեց իմ իսկական «ես»-ը:
-Երևանում ո՞րն է Ձեր սիրելի անկյունը:
-Աբովյան փողոցը, Սարյան փողոցը, բայց վերջերս ես գերադասում եմ լինել բնության գրկում, քան քաղաքում:
-Երևանը...
-Երևանն իմ տունն է, այն վայրն է, որտեղ ես սովորել եմ ապրել: Երևանն ինձ տվել է ջերմություն, հոգատարություն, այստեղ է անցել ու անցնում իմ կյանքի լավագույն տարիները:
-Ո՞վ է Ձեզ հիացնում:
-Ինձ միշտ հիացնում են ուժեղ կամքի տեր մարդիկ:
-Ինչի՞ց կարող եք հիասթափվել:
-Կեղծավոր մարդկանցից:
-Վերջին անգամ ե՞րբ եք արտասվել:
-Ապրիլյան պատերազմի ընթացքում եմ շատ արտասվել, երբ այդքան երիտասարդ զոհեր ունեցանք:
-Թվեք 3 բան, հանուն որի կարելի է ապրել:
-Կարելի է ապրել հանուն սիրո, երազանքների և երեխաների:
Անի Կարապետյան



