Մոսկվայում շոգի պատճառով վտանգավորության նարնջագույն մակարդակ է հայտարարվել
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվայում հուլիսի 3-ին շոգի եւ բարձր հրդեհավտանգության հետ կապված եղանակի վտանգավորության նարնջագույն մակարդակ է հայտարարվել: Այդ մասին հայտնել է ՌԴ-ի Հիդրոօդերեւութաբանական կենտրոնը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Նարնջագույն մակարդակը նշանակում է, որ եղանակը վտանգավոր է: Տարերային աղետների, վնասի հասցման վտանգ կա», - ճշտել են օդերեւութաբանական ծառայությունից: Նույնպիսի զգուշացում է գործում Յարոսլավլի, Կոստրոմայի, Իվանովոյի, Վլադիմիրի, Ռյազանի, Լիպեցկի, Տամբովի եւ այլ մարզերում: Օդերեւութաբանների տվյալներով, կիրակի օդի ջերմաստիճանը կգերազանցի 30 աստիճանը:
«Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի տարածքում երրորդ եւ չորրորդ աստիճանի հրդեհավտանգություն է դիտարկվում»,- նշել են օդերեւութաբանական ծառայությունից` ճշտելով, որ հրդեհավտանգության ամենաբարձր աստիճանը հինգերորդն է: Հրդեհների ի հայտ գալու հավանականությունը կապված է օդի բարձր ջերմաստիճանի եւ ցածր խոնավության հետ:
Ռուսաստանի մայրաքաղաքի Օդերեւութաբանական բյուրոյի օդերեւութաբանների տվյալներով, Մոսկվայի մարզի հարավ-արեւմուտքում օդերեւութաբանները փոթորիկի մասին զգուշացում են հրապարակել` նշելով, որ Նոր Մոսկվայում` Տրոիցկի եւ Նովոմոսկովսկի օկրուգներում տեղ-տեղ հորդառատ անձրեւներ են սպասվում:



