Հեծանվաերթ` ընդդեմ թանկացումների
ОБЩЕСТВОԷլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված ցույցերը չեն ավարտվում: Past.am-ի հետ զրույցում ցույցերի ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ այս պահի դրությամբ նախատեսվում է հեծանվաերթ, մշակութային միջոցառում և ավտոերթ:
Վերջին երկու միջոցառումների մանրամասները դեռ հստակեցված չեն, իսկ հեծանվաերթը կմեկնարկի այսօր` հունիսի 6-ին, ժամը 18.00-ին Ազատության հրապարակից: Երթը կընթանա ճանապարհի աջ հատվածով, Սայաթ-Նովա, Տերյան, Մոսկովյան փողոցների ուղղությամբ, այնուհետև, Մաշտոցի պողոտայով դեպի Սայաթ-Նովա, Աբովյան փողոցների ուղղությամբ՝ դեպի Հանրապետության Հրապարակ, որտեղ կավարտվի միջոցառումը:
«Միջոցառումն իրականացվում է ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագների անհիմն բարձրացման, որի չկանխվելը կկանգնեցնի Հայ ժողովրդին էլ ավելի ծանր սոցիալական պայմանների առջև», նշում են կազմակերպիչները: Երթի ընթացքում կիրառվող անբաժան միջոցներն են հեծանիվները և այլ անիվային փոխադրամիջոցներ /սքեյթներ, չմուշկներ և այլն/:
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը հայտ էր ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` բարձրացնելու էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով: ՀԾԿՀ-ն պատասխանը կներկայացնի հունիսի 9-ին:



