Քո մաշկը… Ամուր հիմքերի վրա
ЛАЙФShabat.am-ը գրում է.
Մենք բոլորս միշտ պարտաճանաչ կերպով օգտագործում ենք երանգաքսուք, դիմափոշի, կարմրաներկ... Բայց հաճախ մոռանում ենք այնպիսի կարևոր պարագայի մասին, ինչպիսին է բազան կամ հիմքը դիմահարդարման համար: Այն մասին, թե ինչու են այն օգտագործում, ինչ նշանակություն ունեն բազայի տարբեր գույները և ինչպես են դրանք օգտագործում, կխոսենք այսօր:
Մի քանի փաստ բազայի մասին
• Բազան օգտագործում են նախ և առաջ մաշկի թերությունները քողարկելու, այն հարթեցնելու և երանգը լավացնելու համար:
• Բազայի վրա դիմահարդարումն ավելի լավ է նստում և երկար ժամանակ պահպանում է թարմությունը:
• Բազան ունի երկու կարևոր բաղկացուցիչ՝ սիլիկոնը և պիգմենտը: Առանց սիլիկոնի բազան այլևս բազա չէ. հենց սիլիկոնն է ապահովում դիմահարդարման երկարակեցությունը և հարթեցնում մաշկի ռելիեֆը:
• Պիգմենտները լինում են գունավոր, փայլուն, օպտիկական և այլն: Դրանք բոլորն էլ կոչված են բարելավելու դեմքի մաշկի գույնը: Բազաները ծածկում են կարմրությունը, կապույտ ստվերները աչքերի տակ, մաշկի դեղնությունը:
• Որպես կանոն, բազան քսում են դեմքին միայն ցերեկային խոնավացնող քսուքից հետո՝ կա՛մ ամբողջ դեմքին, կա՛մ նրա առանձին հատվածներին՝ կախված բազայի նշանակությունից (ծածկող է այն, թե լուսավորող): Դրանից հետո արդեն կարելի է կիրառել երանգաքսուք կամ դիմափոշի:
• Եվս մեկ կարևոր փաստ. բազան չի կարելի օգտագործել ծայրահեղ ցածր կամ բարձր ջերմաստիճանի պայմաններում և ամեն օր, քանի որ այն ծանրացնում է դիմահարդարումը:
/Գույն-նշանակություն/
Սպիտակ բազան կոչված է բացացնել մաշկի գույնը, դրա առանձին հատվածները, թարմացնել դեմքն ընդհանրապես:
Մարմնագույնը՝ երանգաքսուքի սովորական գույնը, հարթեցնում է մաշկի երանգը, դրան միատարրություն է հաղորդում, ծածկում է մանր թերությունները:
Դեղինը ծածկում է կապտավուն ստվերները, այդ պատճառով այն հաճախ օգտագործում են աչքերի շրջանում:
Կանաչը վերացնում է մաշկի կարմրությունը, դրանով կարելի է ծածկել մազանոթների ցանցը, նաև սոլյարիում կամ արևի տակ վառվելուց առաջացած կարմրությունը:
Մանուշակագույնը վերացնում է մաշկի անառողջ դեղնությունը, նաև կարող է ծածկել արդեն դեղնած կապտուկը:
Վարդագույն բազան խունացած մոխրագույն մաշկի համար է, այն դեմքի մաշկը հախճապակու պես պայծառ է դարձնում:
Երկնագույնը նույնպես վերացնում է մաշկի դեղնությունն ու հրաշալի կերպով ծածկում ավտոարևայրուքի անհաջող հետևանքները:
Լույսն անդրադարձնող բազան տեսանելիորեն հարթեցնում է մաշկի ռելիեֆը, գույնը, դեմքին պայծառություն է հաղորդում, բայց ոչինչ չի ծածկում:



