Մեղադրվում է կեղծ թղթադրամ պատրաստելու եւ իրացնելու մեջ
ОБЩЕСТВОԵրեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակչի կողմից կեղծ թղթադրամներ պատրաստելու փաստի առթիվ:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Գեղամ Մնացականյանը կեղծ փողեր պատրաստելու եւ իրացնելու դիտավորությամբ ձեռք էր բերել Canon PIXMA MG տեսակի գունավոր շիթային տպիչ սարք:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. իր կողմից վարձակալած տանը կեղծ թղթադրամներ է պատրաստել, որն իրացրել է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ Գեղամ Հովսեփյանին:
Գեղամ Մնացականյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի (կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը) առաջին մասի հատկանիշներով: Վերջինիս սպառնում է 3-7 տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Նրա պաշտպանությունը հանձն է առել ՀՀ Փաստաբանների պալատի հանրային պաշտպան Մերի Ալավերդյանը:
Այս պահին նա կալանավորված է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



