ԼՂ հակամարտության կարգավորման շարժիչ ուժը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են. Լուկաշեւիչ
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանն առաջատար դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այս կարծիքը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտնել է ԵԱՀԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:
«Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների միջոցով Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ համաձայնության գալու փորձը որոշ ազդակ հաղորդեց, բայց առավել մեծ ներուժ ունի ռուսական կողմը»,- ասել է բարձրաստիճան դիվանագետը:
Նա նաեւ նշել է, որ որեւէ բեկումնային որոշում չի ակնկալում ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի Երեւան եւ Բաքու այցի կապակցությամբ:
«Գործող նախագահը թեեւ ղեկավարում է, բայց ամեն ինչ որոշում են մասնակից պետությունները: Գործող նախագահն, անտարակույս, կարեւոր դեր է խաղում, բայց նա չէ շարժիչ ուժը: Շարժիչ ուժը Մինսկի խմբի երեք համանախագահներն են»,- նշել է նա: Պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք որեւիցե բեկումնային պայմանավորվածություն ակնկալել այդ այցի շրջանակներում, Լուկաշեւիչն ասել է՝ «իհարկե, ոչ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:



