Ստամբուլում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 41-ի
МЕЖДУНАРОДНОЕՀունիսի 28-ի գիշերը Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ահաբեկչական գործողության զոհերի թիվը հասել է 41-ի, նրանցից 39-ի ինքնությունն արդեն պարզվել է:
Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ պաշտոնապես հայտարարվել էր 36 սպանվածների, 147 վիրավորների մասին:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ զոհվածների մեջ 8 արտասահմանցիներ են, այդ թվում` Ուզբեկստանի մեկ քաղաքացի եւ մեկ ուկրաինուհի: Ահաբեկչության եւս 5 զոհեր երկքաղաքացիություն են ունեցել(մեկը` Թուրքիայի եւ Չինաստանի, չորսը` Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի):
Զոհվածներից չորսի ինքնությունը դեռեւս պարզված չէ:
Ահաբեկչական գործողությունն իրականացվել էր միջազգային տերմինալի շենքի մուտքի մոտ: Ներկայում հայտնի է երեք մահապարտ ահաբեկիչների մասին, որոնք մասնակցել են հարձակմանը: Նրանք ավտոմատ զենքից կրակ են բացել մոտակայքում գտնվող մարդկանց վրա, ինչից հետո գործի գցել պայթուցիկ սարքերը: Ահաբեկիչներից մեկին հաջողվել է վիրավորել պայթյունից առաջ, բայց նա հասցրել է իրականացնել պայթյունը: Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով` ահաբեկչները կարող են արտասահմանցիներ լինել: Սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պայթյուններից քիչ անց հայտարարել է, որ նախնական վարկածով ահաբեկչությունն իրագործել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մահապարտ մարտիկները:
Թուրքական «Ջումհուրիեթ» թերթը հայտնել է, որ Թուրքիայում 2015 թվականի հունիսի 7-ից մինչեւ 2016 թվականի հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում հարյուրավոր մարդկանց կյանք խլած 10 ահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել: Հարձակումների հետ կապված կանխարգելիչ միջոցառումներ չիրականացվելու պատճառով հնարավոր չի եղել խուսափել մեծ թվով մարդկանց կորստից: Յուրաքանչյուր հարձակումից հետո իշխանությունները ԶԼՄ-ներին արգելել են մանրամասներ հայտնել եւ տեսանյութեր հրապարակել, սակայն դա բոլորովին էլ չի խոչընդոտել պատկան մարմինների անփութությա ն, անտարբերության եւ անբարեխղճության դրսեւորմանը: Թերթն ընդգծել է, որ չնայած նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից «հանգստության, վստահության եւ կայունության» մասին ամենօրյա հայտարարություններին, ցավալի ահաբեկչական գործողությունները Թուրքիայում շարունակվում են:



