Ռուսաստանն Էրդողանից «կներեք»-ից ավելին է պահանջում
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը Թուրքիայից «ներողությունից» ավելին է պահանջում: «Կներեք»-ից զատ Թուրքիան պետք է փոխի նաեւ Սիրիայի եւ Իրաքի նկատմամբ իր որդեգրած քաղաքականությունը:
Այս մասին «Մռնչացող Էրդողանից ներողություն ասող Էրդողանին» վերնագրով հոդվածում գրում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը` հղում կատարելով ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կուսաչեւի հայտարարությանն այն մասին, որ «ներողությունից զատ Թուրքիան պետք է փոխի Սիրիայի եւ Իրաքի նկատմամբ իր քաղաքականությունը եւս»:
«Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ տարբերությունները, բոլորիս ցնցած ողբերգությունից (թուրքական F-16-ների կողմից ռուսաստանյան ինքնաթիռի խոցումը) շատ ավելի խորն ու համակարգված են: Այդ տարբերությունները կապված են Սիրիայի եւ Իրաքի հետ միասին բազմաթիվ կետերում ճգնաժամի պատճառների, ընթացքի եւ հնարավոր արդյունքների հետ», -ասել է Կուսաչեւը` հավելելով, որ սպասում են այս հարցերում «Անկարայի մոտեցումների վերագնահատումներին»:
Վերլուծաբանների կարծիքով` Մոսկվան ցանկանում է, որպեսզի Թուրքիան ազդի Սիրիայի հյուսիսում հանգրվանած թուրքմանների վրա այն բանի համար, որ նրանք դադարեցնեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ ռազմական գործողությունները, ճանաչեն նրա` Սիրիայի օրինական ղեկավար լինելը եւ սկսեն վերաինտեգրվել սիրիական հասարակության մեջ:
Ռուսաստանը նաեւ շահագրգռված է ծայրահեղ բարդ քրդական հարցում թուրք-սիրիական ընդհանուր դիրքորոշման ձեւավորումով: Եթե Մոսկվաի միջնորդությամբ հաջողվի հասնել եռակողմ (Անկարա-Դամասկոս-քրդեր) փոխզիջման, դա կտրուկ կուժեղացնի ամբողջ Մերձավոր Արեւելքում ռուսաստանյան դիրքերը, նշում են վերլուծաբանները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Էրդողանի հղած ներողության նամակի առնչությամբ թերթը գրել է, որ ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի խոցումից հետո «Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի Անկարայից» անհեթեթ հայտարարությամբ հանդես եկած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ՌԴ նախագահին հղած ներողության նամակում Էրդողանն օգտագործել է ռուսերեն «իզվինիտե» եզրը` մոռանալով մինչ այդ Մոսկվայի հասցեին արած բազմաթիվ հոխորտալից արտահայտությունները:
Թերթը գրում է, որ չնայած նամակում առկա հստակ «ներողություն ենք խնդրում» արտահայտությանը, Էրդողանի պաշտոնական խոսնակ Իբրահիմ Քալընը ներքին լսարանի համար արած մեկնաբանության մեջ ասել է, որ իբր, Էրդողանը կիսել է սպանված «ռուս օդաչուի ընտանիքի ցավը, ցավակցություն հայտնել», եւ ցանկացել, որ նրանք «դադարեն նեղանալ»:



