Ողբերգական պատահարի դեպքով քրգործ է հարուցվել
ОБЩЕСТВОՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Տաշիր-Ստեփանավան ճանապարհին 7 երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։
2015 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 10-րդ կիլոմետրում «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան, ընթանալով դեպի Ստեփանավան քաղաք, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, հարվածել ծառին եւ այրվել, որի հետեւանքով ավտոմեքենայի մեջ գտնվող բոլոր 7 անձինք մահացել են։
Վթարի հետեւանքով մահացել են Տաշիր քաղաքի բնակիչներ Վանիկ Ստեփանի Մարդոյանը, Կարեն Խաչիկի Խաչատրյանը, Գեւորգ Արթուրի Պողոսյանը, Արման Հրաչյայի Տոնոյանը, Գասպար Սեդրակի Ղուկեյանը, Վահագ Վախթանգի Ալբերտյանը եւ Երեւան քաղաքի բնակիչ Արթուր Հարությունի Բալյանը:
Դեպքի առթիվ 2015 թվականի հունիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են քննչական եւ դատավարական գործողություններ՝ պարզելու վթարի պատճառները։



