Նոր նշաձող պրոգրեսիվ հաուս ոճում. Just Believe՝ ազատվեք բարդույթներից ու ազատ մտածեք
ЛАЙФJust Believe՝ «Պարզապես հավատա» այսպես է կոչվում Նարեկ Մակարյանի և DJ AMAS-ի համատեղ առաջին ստեղծագործությունը:
Երաժշտության հեղինակ DJ AMAS-ը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ երգը ազատության մասին է և այն մասին, որ պետք է ազատվել բարդույթներից և ազատ մտածել:
- Սա է հիմնական ուղերձը: Այս տեսահոլովակով նաև փորձել ենք մի նոր խոսք ասել հայկական շոու բիզնեսում և ստեղծել մի նոր երգ, որը մեզ դուր կգա:
- Իսկապես ստացվել է, քանի որ թե´ երգը, թե´ երաժշտությունը, թե´ մատուցումը բավական բարձրաճաշակ է: Ինչպե՞ս ծնվեց նման երգ, ապա նաև տեսահոլովակ նկարահանելու գաղափարը:
- Սկզբից գրեցի երաժշտությունը, հետո այն ցույց տվեցի տեսահոլովակի հեղինակ Սերժ Գաբյանին, որից հետո եկանք այն եզրակացության, որ պետք է երաժշտությանն արժանի տեսահոլովակ նկարել: Սերժը գրեց երգի բառերը և արդեն պատրաստի երգն առաջարկեցինք Նարեկ Մակարյանին, որպեսզի ինքը կատարի: Նշեմ նաև, որ տեսահոլովակը նվիրված է բելգիացի սուրռեալիստ Ռենե Մագրիտին, և կարելի է ասել, որ տեսահոլովակում հանդես ենք եկել հենց նրա կերպարի մարմնավորմամբ:
- Սա Ձեր համատեղ առաջի՞ն ստեղծագործությունն է:
- Այո´, Սերժի և Նարեկի հետ առաջին համագործակցությունն է, կարելի է ասել, որ հաջողված համագործակցություն ստացվեց: Հույս ունեմ, որ այն նաև շարունակություն կունենա:
- Մի փոքր էլ ձեր մասին պատմեք, որքա՞ն ժամանակ է՝ ստեղծագործում եք և ովքե՞ր են ձեր սիրած երաժիշտները, ում համարում եք ձեր «ուսուցիչները»:
- Երկար ժամանակ է՝ ստեղծագործում եմ, բայց պրոգրեսիվ հաուս ոճում սա առաջին լուրջ աշխատանքն է: Իմ երաժշտություններից մի քանիսը նաև եղել են beatport կայքի թոփ 100-յակում: Ժամանակին ոգևորվել եմ ու սկսել եմ ստեղծագործել Բեննի Բենասսիի ստեղծագործությունները լսելուց հետո, բայց սխալ կլինի ասել, որ որևէ մեկն իմ ուսուցիչն է եղել, քանի որ ես ինքնուս ստեղծագործող եմ այս ոլորտում:
Հաջողություն մաղթենք AMAS-ին և ողջ ստեղծագործական խմբին, քանի որ իսկապես Just Believe-ը հայկական շոու բիզնեսում նոր նշաձող է սահմանել, որը, հուսանք, որ չի լինի վերջինը, քանի որ հանդիսատեսն իրոք նման բարձրաճաշակ ստեղծագործությունների կարիք ունի:



