Սեֆիլյանը երկու ամսով կալանավորվեց
ОБЩЕСТВОԱյսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Սրան հաջորդել է «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորման» հայտարարությունը, որում Սեֆիլյանի կալանավորումը որակվել է որպես քաղաքական նպատակներ հետապնդող քայլ։
«Ժիրայր Սեֆիլյանի միակ նպատակը եղել ու մնում է համայն հայության իղձերի իրականացումը, ՀՀ անվտանգության, նրա քաղաքացիների բարօրության եւ իրավունքների պաշտպանությունը: ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ոչ ինքնիշխան, անհամարժեք եւ վտանգավոր քաղաքականության հետեւանքով Հայաստանը ներկայումս հայտնվել է բարդ իրավիճակում»,- ասված է հայտարարության մեջ:
Ըստ վերջինների՝ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը պատրաստվում է ազատագրված տարածքները հանձնել Ադրբեջանին, ինչը բերելու է Արցախի հայաթափմանը, անկայունացնելու է Զանգեզուրը եւ Սեւանի ավազանը, բազմապատկելու է արտագաղթը` հայության եւ նրա պետականության համար տարածաշրջանում ստեղծելով ծայրահեղ անորոշության եւ անկայունության վիճակ:
Նրանք մտավորականությանը, ազատամարտիկներին, քաղաքական կուսակցություններին եւ շարքային քաղաքացիներին հորդորում են սատարել մերօրյա հերոսներին, մեր զինվորների արյունով ու քրտինքով ձեռք բերված ու փայփայված Հայրենիքին:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



