Ադրբեջանի կուռքեր Մուստաֆա Ջեմիլեւն ու Նադեժդա Սավչենկոն Բաքվին մեղադրել են բռնաճնշումների մեջ
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանական մամուլի կողմից կուռքերի վերածված ղրիմցի թաթարների առաջնորդ, Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Մուստաֆա Ջեմիլեւը եւ օդաչու, Ռադայի պատգամավոր, Ուկրաինայի հերոս եւ նախագահի լիազոր Նադեժդա Սավչենկոն միացել են Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Նարնջագույն Ինտերնացիոնալ խմբի կողմից Ադրբեջանի իշխանությունների դեմ կազմակերպված արշավին:
Վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, արշավի մասնակիցները, որոնց թվում՝ ուկրաինական իշխող վերնախավի ներկայացուցիչներ, նախագահ Պյոտր Պորոշենկոյի շրջապատից ստուգված մարդիկ, ադրբեջանցի քաղաքական էմիգրանտների հետ հասարակական ակտվիստների, լրագրողների եւ ընդդիմադիրների դեմ բռնաճնշումների համար Ադրբեջանին դատապարտող լոզունգներ են հնչեցրել:
Մասնավորապես, haqqin.az կայքը հայտնում է, որ Մուստաֆա Ջեմիլեւն ու Նադեժդա Սավչենկոն հանդես են եկել Ադրբեջանում շինծու մեղադրանքներով դատապարտված ReAl շարժման առաջնորդ, քաղբանտարկյալ Իլգար Մամեդովին ազատ արձակելու պահանջով: Կայքը հրապարակել է տվյալ կոչով պաստառով նրանց լուսանկարները:
ReAl շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը դատապարտվել է 2013 թվականի հունվարին Իսմայիլլի քաղաքում իբր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:
Ռուսաստանի դաշնության դեմ գործունեության համար Ջեմիլեւին եւ Սավչենկոյին կուռք դարձրած ադրբեջանական իշխանամետ haqqin.az կայքը վերջիններիս «հակաադրբեջանական» այդ քայլը բնութագրել է «հարված Ադրբեջանի թիկունքին»:
«Ադրբեջանի հետ Ուկրաինայի միջեւ ի՞նչ գործընկերության եւ միության մասին կարող է խոսք գնալ այդ դեմարշից հետո, այն էլ` նախագահ Իլհամ Ալիեւի Կիեւ կատարելիք այցի նախօրեին: Հիմա ի՞նչ կասի Պորոշենկոն», -վրդովված գրում է կայքը:
Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլին Ղրիմա-թաթարական մեջլիսի «նախագահ» Ռեֆաթ Չուբարովն իր բլոգում լուսանկար էր հրպարակել որում փաստվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ստամբուլում հանդիպել են ղրիմցի թաթարների առաջնորդներ Մուստաֆա Ջեմիլեւի եւ Ռեֆաթ Չուբարովի հետ:
Լուսանկարում երեւում է, որ Իլհամ Ալիեւն ու Էլմար Մամեդյարովը զրուցում են Մուստաֆա Ջեմիլեւի եւ Ռեֆաթ Չուբարովի հետ (http://haqqin.az/news/68100):
Ուկրաինական ԶԼՄ-ներն այդ առնչությամբ հայտնել էին, որ համացանց թափանցած գաղտնի փաստաթղթերի համաձայն` ուկրաինական հատուկ ծառայությունների աշխատակիցները երկար ժամանակի ընթացքում հետեւել են Ղրիմում թաթարների մեջլիսի առաջնորդ Մուստաֆա Ջեմիլեւի գործունեությանը եւ եզրակացության հանգել, որ նա աշխատում է թուրքական հետախուզության օգտին եւ սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգությանը:
Այդ գաղտնի նյութերի համաձայն` անվտանգության ծառայությունը համարում է, որ բոլորը հիմքերն ունի Ջեմիլեւին որպես «թուրքական հատուկ ծառայությունների ազդեցության գործակալ» կասկածելու գծով հետաքննություն անցկացնելու համար այն բանից հետո, երբ նա եւ Ղրիմի ադրբեջանական համայնքի ղեկավար Ռահիմ Հումբաթովը 2013 թվականին ակտիվորեն առաջ են տարել գերմանացի ֆաշիստների հետ համագործակցելու համար 1944 թվականին կղզուց ղրիմցի թաթարների արտաքսումը «ցեղասպանություն» ճանաչելու մասին օրինագիծ:



