Երեւանի, Գյումրիի ու Էջմիածնի մի շարք փողոցներ կփակվեն Հռոմի պապի՝ Հայաստան այցի հետ կապված
ОБЩЕСТВОՆորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Հայաստանի Հանրապետություն կատարելիք պետական այցի շրջանակում կազմակերպվող արարողակարգային միջոցառումների ժամանակ, հասարակական կարգի պահպանման եւ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում, ժամանակավորապես դադարեցվելու է երթեւեկությունը Երեւան, Գյումրի եւ Էջմիածին քաղաքների առանձին փողոցներում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից:
Այսպես, Երեւանում հունիսի 22-ին՝ ժամը 10.00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների առանձին ուղղություններ: Երթեւեկելի կլինեն Աբովյան փողոցից՝ Ամիրյան փողոց, Տիգրան Մեծ պողոտայից՝ Նալբանդյան փողոց եւ Վազգեն Սարգսյան փողոցից՝ Տիգրան Մեծ պողոտա եւ Նալբանդյան փողոց ուղղությունները: Հունիսի 23-ին փակ են լինելու Ամիրյան եւ Նալբանդյան փողոցներից մուտքը Հանրապետության հրապարակ: Ժամը 12.00-ից կփակվի Վազգեն Սարգսյան փողոցից մուտքը Հանրապետության հրապարակ (մինչ նախապատրաստական աշխատանքների ավարտը): Հունիսի 24-ին՝ ժամը 18.00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները: Հունիսի 25-ին՝ ժամը 09.00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները:
Գյումրիում հունիսի 24-ին՝ ժամը 10.00-ից մինչև հունիսի 25-ի ժամը 18.00-ն փակ են լինելու Վարդանանց հրապարակ մուտք գործող փողոցները: Իսկ Էջմիածնում հունիսի 26-ին՝ ժամը 7.30-ից, փակ են լինելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին տանող փողոցները:



