Հյուրընկալ հային նաեւ ողջախոհ միտք է պետք - Վանատուր Աստծու եւ Նանե Աստվածուհու համատեղ տոնը
МЕЖДУНАРОДНОЕԱրորդիներն իրենց օջախներում հունիսի 22-ին միաժամանակ նշեցին Հյուրընկալության ու Ողջախոհության աստվածներին նվիրված համատեղ տոնակատարությունը: Գլխավոր տոնակատարությունը կատարվեց Սեւանա լճի ափին, որին մասնակցեցին նաեւ ՀԱՄ եւ ՀԱՀ ղեկավար կազմերի անդամները: Հյուրընկալության աստծո՝ Վանատուրի տոնը արիները, ըստ վերականգնված հայ-արիական տոնացույցի, սովորաբար նշում են մայիսի առաջին կեսում՝ եռատոնին զուգահեռ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ արիական միաբանության լրատվական կենտրոնից, այս տարի, սակայն, հետաձգվեց տոնակատարությունը՝ հաշվի առնելով Արցախա-ադրբեջանական լայնածավալ քառօրյա պատերազմը եւ դրա պատճառահետեւանքային իրողությունն ու արձագանքները ապրիլ-մայիսին:
Դրանք չէին կարող չմտահոգել ու հեռու պահել հայ արիներին այդ գործընթացներից, ինչպես բուն մասնակցությունից, այնպես էլ նախապատերազմական, պատերազմական ու հետպարերազմական իրավիճակները գնահատելու անհրաժեշտությունից: Չնայած հայկական զինուժի հաղթական ու հերոսական դիմակայությանը, ի հայտ եկան խնդիրներ, որոնք հասկանալու, նաեւ բացահայտելու պարտադրանքի ուժ ստացան: Այդ պատճառով էլ այս ընթացքում հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի որոշմամբ՝ հետաձգեցին Հայոց հյուրընկալության եւ օջախի Աստված Վանատուրի տոնը :
Այսօր Վանատուրի տոնը միացավ Հայոց ողջախոհության աստված Նանե աստվածուհու տոնին: Միջոցառման առանցքը դարձավ «Հյուրընկալ հային նաեւ ողջախոհ միտք է պետք» մաղթանքը: Փառաբանելով հայոց տներն ու հայի Մեծ Տուն - Հայրենիքը, հայոց ազգային հավատի հետեւորդները ծիսական միջոցառում են կազմակերպում՝ Երկրային (Հայկական լեռնաշխարհ) ու Երկնային (Հայոց Աստվածների տիեզերաշխարհ) Հայոց Տների զորացման ու միմյանց հասնելու համար, հավատարիմ՝ տիեզերահաս ու արարչաբնույթ հավատակարգին: Երբ գարունը արդեն բերք ու բարիքի եւ բնական ընթացքի մեջ է, հայ արիներն իրենց տան հյուրընկալ դռները բաց փառաբանում են Վանատուր Աստծուն, որ հայ օջախները միշտ հյուրընկալ պահի եւ Հայաստան աշխարհը լի ու առատ դարձնի...
Հունիսի 22-ը նաեւ ամառային արեւադարձի օրն է եւ մարդիկ ողջախոհության Նանե Աստվածուհուն փառաբանում են Բնական Կարգի պահպանման եւ բնության բարիքներով մարդկանց ապահովելու համար: Հայ արի երեք քրմերը, ՀԱՄ ու ՀԱՀ անդամների ընտրված ներկայացուցչական խմբի հետ Երեւանում, արեւածագին՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ ռազմի քրմական ծեսով փառաբանել են նաեւ Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին, որ նրանք Հայաստան-Արցախ աշխարհին աստվածային զորություններ փոխանցեն, որ հայոց բոլոր հողերի ազատագրման ու վերամիավորման ժամանակները հնչեցնեն... Որ հայը լսի իր արարչ ածին ու արարչաբնույթ գենի ձայնը:



