Ռումինիայի Կրոնի նախարար Վիկտոր Օպասկիին հանձնվել է Ներսես Շնորհալի պատվո շքանշանը
ОБЩЕСТВОՌումինիայի Հայոց Թեմի առաջնորդարանի սրահում հունիսի 18-ին տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որին ներկա էին Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայում ՀՀ հյուպատոս Աշոտ Գրիգորյանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Ազգային Ժողովի երեսփոխան, ազգային փոքրամասնությունների ղեավար Վարուժան Փամբուկչյանը, Ռոմանո-Կաթոլիկ եկեղեցու մետրոպոլիտ արքեպիսկոպոս Իոան Ռոբուն, Բողոքական եկեղեցու ներկայացուցիչ քահանա Զսոլտ Բելան, Հունա-Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ քահանա Անդրեյ Մարկուսը, Ղպտի եկեղեցուց քահանա Մինա Տալաաթը, Տաճարականների ներկայացուցիչ Իոնել Դումիտրուն, Ռումինիայում Հրեական Համայնքի ղեկավար, պատգամավոր Աուրել Վաիները, Յաշ և Բոտոշան քաղաքների հոգևոր հովիվ արժ. Տ. Գրիգոր քահանա Հոլկան, Կոնստանցայի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ և հյուրեր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընդունելությունն սկսվեց Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ և Տերունական աղոթքով: Այնուհետև Հրաշափառի երգեցողությամբ սրահ բերվեցին Վեհափառ Հայրապետի կողմից տրված սրբատառ կոնդակը և Ս. Ներսես Շնորհալի շքանշանները: Արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանն ընթերցեց սրբատառ կոնդակը հայերեն, իսկ Արժ. Տ. Գրիգոր քահանա Հոլկան ռումիներեն լեզվով, որից հետո առաջնորդ Սրբազան Հայրը Ռումինիայի Կրոնի նախարար Վիկտոր Օպասկիի և իր կնոջ կուրծքը զարդարեց պատվÕ ¸ շքանշաններով:
Վեհափառ Հայրապետն իր կոնդակում անդրադառնալով պարոն Օպասկիի գործունեությանը, բարձր էր գնահատել հատկապես վերջինիս աջակցությունը Սուչավայի Ս. Հաճկատար հայոց վանքի նորոգման ու վերաօծման աշխատանքներին, վանք, որը հնագույն հայկական սրբատեղի է համայն հայության ու ուխտավորների համար, որի 500 ամյակն ու վերաօծումը տեղի ունեցավ 2012թ.:
Առաջնորդ Սրբազան Հայրն իր խոսքում նշեց, որ պարոն Օպասկին մշտապես աջակցել է Ռումինահայ եկեղեցուն ու հայ համայնքին, ֆինանսավորել է մի շարք եկեղեցիների ու կառույցների նորոգությունը, ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողովի անցկացմանը, Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացմանն ու ալբոմի հրատարակմանը և բազում այլ ծրագրերի:
Խոսքով հանդես եկան նաև Ռումինիայի Ազգային Ժողովի երեսփոխան, ազգային փոքրամասնությունների ղեկավար Վարուժան Փամբուկչյանը և ուրիշներ: Վերջում ներկաներին իր գնահատանքի խոսքն ուղղեց օրվա հոբելյարը՝ Վիկտոր Օպասկին, իր երախտագիտությունը հայտնելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին, Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանին և ռումինահայ համայնքին ջերմ ընդունելության և բարձր պատվի արժանացնելու համար:
Երեկոն ավարտվեց հյուրասիրությամբ և հայկական անմահական կոնյակի ըմբոշխումով՝ ստեղծելով մտերմիկ ու հաճելի միջավայր:



