Մեկ միասնական բրենդի ներքո հայկական ապրանքների մուտքը արտասահմանյան առևտրային ցանցեր կhեշտանա
ОБЩЕСТВОԵվրասիական տնտեսական միության և, մասնավորապես, ռուսական շուկայի առևտրային ցանցեր հայկական ապրանքների մուտքը դյուրացնելու համար կարող է գործել մեկ բրենդի ներքո դրանց արտահանումը:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական զարգացման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով` ռուսական մեծ ցանցերը պահանջում են մեծ ծավալներ, իսկ հայ արտադրողները, որպես կանոն, չեն կարողանում ապահովել մեծ ծավալներ, ինչն էլ չի բավարարում Ռուսաստանի խոշորագույն ցանցերին: Հենց այստեղից էլ առաջանում են խնդիրներ: «Բնականաբար, առաջանում են խնդիրներ հավասար հասանելիության վերաբերյալ, թե արդյոք փոքր արտադրողները մեծ ցանցերում կունենան նման վերաբերմունք իրենց նկատմամբ, ինչպիսին ունեն շատ ավելի մեծ ծավալներ արտադրողներն այլ երկրներից: Այս քննարկումն ուղղված է հասկանալու, թե այդտեղ կա՞ն իրավախախտումներ, թե ուղղակի շուկայական խնդիրներ են, որոնք կարող են կարգավորվել ԵԱՏՄ շուկաներում»,-«Մատակարարներ և առևտրային ցանցեր. արդյունավետ համագործակցության մեխանիզմների խթանումը ԵԱՏՄ անդամ-պետություններում» թեմայով կլոր սեղան-քննարկումից առաջ ասաց փոխվարչապետը:
Նա հույս հայտնեց, որ քննարկումների արդյունքում հայ արտադրողների համար կհեշտանա մուտքը ռուսական շուկայի առևտրային ցանցեր: «Խոսքը չի վերաբերում մեկ կամ երկու խանութի, այլ մեծ խանութների մասին է, որոնց հետ աշխատելու համար պետք է պարբերաբար նույն արտադրանքը կարգավորված որակով մատակարարել: Հարցի լուծումներից մեկը միասնական բրենդի ներքո արտադրողներին բերելն է: Բացի այդ` փոքր արտադրողներին արտոնություններ տալու հնարավորություններ կան»,-հավելեց Վաչե Գաբրիելյանը:



