Դիտորդական խումբը հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանին
ОБЩЕСТВОԱյսօր առավոտյան ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Երեւանի ՁՊՎ-ում հանդիպել եւ զրուցել է Ժիրայր Սեֆիլյանի հետ: Զրույցի ընթացքում Ժիրայր Սեֆիլյանը հայտնել է, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է: Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ իր ձերբակալությունը իր նկատմամբ հերթական քաղաքական հալածանք է:
Այսօր Սեֆիլյանին է հանդիպել նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ձերբակալվածների պահման վայրում մանրամասն զրույց է ունեցել Ժիրայր Սեֆիլյանի հետ։
«Ժիրայր Սեֆիլյանը անհեթեթ է համարում իրեն վերագրվող մեղադրանքները, տրամադրված է վճռական եւ շարունակում է համոզված մնալ, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրը Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելն է», - գրել էր պատգամավորը։
Հիշեցնենք, որ երեկ Սեֆիլյանը ձերբակալվել էր ՝ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ պահելը կազմակերպելու կասկածանքով։
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



