ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Մեքսիկայի նախագահին
ОБЩЕСТВОՄեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Արա Այվազյանը հունիսի 20-ին իր հավատարմագրերը հանձնեց Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Շնորհավորելով և հաջողություն մաղթելով դեսպանին իր առաքելության իրականացման ընթացքում` նախագահ Նիետոն հույս հայտնեց, որ այսուհետև երկկողմ հարաբերությունները կստանան նոր բովանդակություն և դինամիկա:
Նույն օրը` ավելի վաղ, ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Մեքսիկայի արտաքին հարաբերությունների փոխքարտուղար Կառլոս դե Իկասային: Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում կողմերն անդրադարձան երկու երկրների միջև հարաբերությունների ներկա վիճակին և փոխգործակցության զարգացման հեռանկարներին:
Դեսպան Այվազյանը նաև ճեպազրույց ունեցավ Մեքսիկայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ հայ ժողովրդի և կառավարության բարեմաղթանքները փոխանցելով բարեկամ Մեքսիկայի ժողովրդին և ուրվագծելով երկու երկրների միջև համագործակցության շրջանակները:



