Թուրքիայում ձերբակալվել են «Լրագրողներ առանց սահմանների»-ի աշխատակիցն ու նրա երկու գործընկերը
ОБЩЕСТВОԹուրքիայում «Լրագրողներն առանց սահմանների» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Էրոլ Օնդերօղլուն եւ նրա երկու գործընկերներ գրող-լրագրող Ահմեթ Ազիզ Նեսինն ու Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամի նախագահ, արդարադատության պրոֆեսոր Ռասիմե Շեբնեմ Քորուր Ֆինջանջըն Ստամբուլում դատարանի որոշումով ձերբակալվել են «ահաբեկչության քարոզչության» մեղադրանքով:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը:
Նշվում է, որ նրանք մասնակցել են անկախ «Օզգյուր Գյունդեմ» թերթին եւ նրա ղեկավարությանն աջակցության արշավին, որը իշխանությունների կողմից նախկինում ճնշման էր ենթարկվել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK - Թուրքիայում այն համարվում է ահաբեկչական) նկատմամբ մոտ հայացքներ ունենալու համար:
Այդ մարդիկ արշավում կատարել են թերթի գլխավոր խմբագիրների խորհրդանշական դերը: Նրանց միացել են եւս 44 լրագրող եւ տեղական մտավորականության ներկայացուցիչներ:
Ձերբակալվածները ցուցմունքներ են տվել Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնում եւ կալանքի տակ կմնան մինչեւ դատական գործընթացի ավարտը: Իշխանությունները նաեւ հետաքննություն են սկսել արշավին մասնակցած 34 լրագրողի նկատմամբ` մեղադրելով նրանց «ահաբեկչության քարոզչության» մեջ:



