Ոստիկաններն առաստաղի մեջ թմրանյութ են հայտնաբերել
ОБЩЕСТВОՏավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացու մոտ մարիխուանա տեսակի թմրամիջոց հայտնաբերելու դեպքի առթիվ:
Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ Թաթուլ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար 2015թ. նոյեմբերին Տավուշի մարզի Հաղարծին համայնքի հարակից անտառամասից (վայրի աճած կանեփի թփերը քաղելու միջոցով) ապօրինի ձեռք է բերել, պատրաստել եւ իր տան նկուղի առաստաղի մեջ պահել 1.92 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը 2016թ. ապրիլի 6-ին խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է:
Վերջինս մեղադրվում է Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի առաջին մասով, այն է՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: Թաթուլ Պողոսյանն այս պահին ստորագրությամբ բաց է թողնվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



