Սանդերսը խոստացավ ընտրություններում աջակցել Քլինթոնին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահական ընտրարշավին մասնակցող սենատոր Բեռնի Սանդերսը հունիսի 16-ին հրապարակված իր տեսաուղերձում հայտարարել է, որ աշխատելու է իր մրցակցուհու՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, նպատակ ունենալով վերափոխել Դեմոկրատական կուսակցությունը: Ընտրարշավին իր մասնակցությունը դադարեցնելու մասին նա չի հայտարարել:
Իր ուղերձում Սանդերսը նշել է, որ անցած ամիսների ընթացքում իրեն հաջողվեց ներգրավել մեծ թվով կողմնակիցների: «Մենք պետք է այդ էներգիան բերենք Դեմոկրատական կուսակցության՝ հուլիսի 25-ին Ֆիլադելֆիայում կայանալիք ազգային համագումար, որտեղ մեզ հետ կլինեն 1900-ից ավելի պատվիրակներ»,- ասել է նա:
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ ավելի վաղ հանդիպում է ունեցել Քլինթոնի հետ: «Գաղտնիք չէ, որ իմ եւ նախկին պետքարտուղար Քլինթոնի միջեւ լուրջ տարաձայնություններ կան մի քանի շատ կարեւոր հարցերի շուրջ, բայց ճշմարտությունը նաեւ այն է, որ այլ խնդիրների վերաբերյալ մեր հայացքները համընկնում են»,- նշել է նա: «Առաջիկա շաբաթներին ես մտադիր եմ շարունակել քննարկումը երկու շտաբների միջեւ՝ համոզվելու, որ մեր ձայները լսվել են»,- հավաստիացրել է սենատորը:
«Ես նաեւ պատրաստվում եմ աշխատել պետքարտուղար Քլինթոնի հետ Դեմոկրատական կուսացկությունը վերափոխելու նպատակով, որպեսզի այն դառնա աշխատող մարդկանց, երիտասարդների կուսակցություն, այլ ոչ միայն հարուստ կուսակցական հովանավորների»,- հավելել է Սանդերսը:
Քաղաքական գործիչը նաեւ հայտարարել է, որ իր կողմնակիցների գլխավոր նպատակը «հաղթանակն է Դոնալդ Թրամփի նկատմամբ», որն ավելի վաղ երաշխավորել է Հանրապետական կուսակցությունից թեկնածու առաջադրվելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



