Հայրենիքը լոկ արտադրական տարածք չի, որ փորձենք մաքսիմալ շահույթ ստանալ
АНАЛИТИКА
Համայնքների խոշորացման ծրագիրը վերջին տարիներին վարչատարածքային կառուցվածքում իրականացվող միակ փոփոխությունը չէ, սակայն սա այն դեպքն է, երբ նման քայլն արդեն իրական ազդեցություն կունենա բնակչության և սոցիալական համակարգի վրա: Այս օրերին թեման բուռն քննարկվում է նաև Ազգային ժողովում, որտեղ քննարկվում է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Համայնքների խոշորացման ծրագիրը բազմակողանի դիտարկման կարիք ունի, քանի որ համայնքը ոչ միայն բնակատեղի է, այլ հայրենիքի մի մասը, և երբ խոշորացման հարցը հասնում է սահմանամերձ համայնքներին, խնդիրն էլ ավելի լուրջ է դառնում: Օրինակ՝ Նոյեմբերյանի շրջանում նախատեսվում է միավորել 9 փոքր համայնք: Փորձենք դիտարկել այդ պրոցեսը բազմակողմանիորեն:
Տնտեսագիտական տեսանկյունից համայնքների խոշորացումը հնարավորություն կտա կրճատել վարչատնտեսական ծախսերը և միավորված բյուջեի հաշվին առավել խոշոր և նպատակային ծրագրեր իրականացնել, սակայն սա խնդրի միայն հաշվարկային մասն է: Իրականում, «համայնք» ասվածը, զուտ տնտեսական օբյեկտ լինելուց բացի, նաև դեմոգրաֆիական, մշակութային ու ռազմավարական օբյեկտ է: Վերջինի կարևորությունը ևս մեկ անգամ հաստատեց 4-օրյա պատերազմը, որի հիմնական դասը մեկն էր՝ այն տարածքները, որոնք բնակեցված չեն, ապահով չեն և ռազմավարական տեսանկյունից՝ խոցելի: Ասվածին մնում է միայն ավելացնել մի փոքր պատմական ակնարկ այն մասին, թե որ բարձունքները կամ տարածքներն են առավել հուժկու դիմադրել հակառակորդի հարձակումներին: Պատասխանը միակն է՝ որտեղ եղել են բնակավայրեր: Իսկ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ երբեք խաղաղություն չի եղել, էլ չասենք՝ ընթացող պատերազմի մասին:
Ակնարկից գալով մերօրյա համայնքների խոշորացման ծրագրին՝ պարզ է դառնում, որ խոշորացնելով համայնքները, ավտոմատ կերպով կրճատում ենք համայնքի կենտրոնական օբյեկտները՝ համայնքապետարան, դպրոց, մշակույթի կենտրոն և այլն: Այս պարագայում հաջորդ քայլն արդեն կլինի բնակչության հոսքն արդեն նախկին համայնքներից դեպի կենտրոններ, որովհետև բնակիչները կցանկանան լինել դպրոցին, համայնքի կենտրոնին կամ այլ կարևոր օբյեկտներին ավելի մոտ, քանզի այդպես ավելի հեշտ կլինի կազմակերպել առօրյա կյանքը: Արդյունքում բնակչության արտահոսքը սահմանամերձ գյուղերից կլինի անխուսափելի, ինչի վերջնարդյունքն էլ կլինի սահմանապահ գյուղերի դատարկումն ու մինչև անգամ քարտեզի վրայից դրանց իսպառ վերացումը: Սրա հետ մեկտեղ, կվերանան նաև տեղի ավանդույթներն ու մշակութային բաղադրիչները:
Ամփոփելով այս ամենը՝ հարց է առաջանում. նման խոշորացումն անհրաժե՞շտ է մեզ: Արժե՞ արդյոք այս կարճաժակետ հատվածում ակնկալվող արդյունքի համար գնալ նման զոհողության: Չէ՞ որ հայրենիքը լոկ արտադրական տարածք չէ, որից պետք է մաքսիմալ օգուտ ստանալ և որքան էլ տնտեսագետները հաշվեն, որքան էլ արտադրական ձեռնարկություններ կառուցվեն, ճանապարհներ բարեկարգվեն, միևնույն է, երկիրը հողով է երկիր, ու երկիրը տերով է երկիր:
Հայկ Բեջանյան
Past.am վերլուծաբան




















































