Անասուններին արածացնելու ընթացքում մարիխունա է հավաքել
ОБЩЕСТВОԱրարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացու կողմից ապօրինի թմրամիջոց պահելու դեպքի առթիվ:
Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ Թաթուլ Թառոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015թ. ամռանը Նոր Ուղի գյուղի դաշտերում անասուններին արածացնելիս ինքն իրեն աճած կանեփ բույսի տերեւները քաղելով, առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար՝ ապօրինի ձեռք է բերել եւ պահել 2.59 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, որն ամիսներ անց՝ հոկտեմբերին, նրա տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել եւ վերցվել է ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցների կողմից:
Թաթուլ Թառոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի առաջին մասով: Այն է՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Վերջինս չհեռանալու վերաբերյալ ստորագրությամբ բաց է թողնվել:
Դատավոր Լեւոն Արազյանը Թաթուլ Թառոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել մեկ ամիս ժամկետով կալանքը:
Սրանից հետո դատական գործը ուղարկվել է Քրեական վերաքննիչ դատարան՝ վերոնշյալ դատավճիռը բեկանելու եւ նրա նկատմամբ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը կիրառելու հպատակով, այն է՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով` սահմանել փորձաշրջան:
Դատական գործը դեռ շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



