90 անգամ նույն բանը կրկնելն արդեն սովորական է դառնում. Երվանդ Մանարյանը՝ ծննդյան օրվա մասին
КУЛЬТУРА
Օգոստոսի 10-ին լրացավ հայ անվանի դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանի ծննդյան 91-րդ տարեդարձը: Past.am-ը կապ հաստատեց վարպետի հետ, որպեսզի շնորհավորի նրան: Սիրված դերասանը պատմեց, որ նախորդ տարի նրա թոռը՝ բեմադրիչ, «Փոփոխությունների թատրոնի» գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանը, Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կազմակերպել էր վարպետի 90-ամյակին նվիրված երեկույթ: Մանարյանը հայտնեց, որ երեկոն լավ և հետաքրքիր է անցել: Մեր հարցին՝ ինչպե՞ս է նշել այս տարվա ծնունդը, մեծանուն արտիստը պատասխանեց հետևյալ կերպ. «Սովորույթի մեջ մտած երևույթ է դարձել ծնունդ նշելը, որովհետև 90 անգամ նույն բանը կրկնելն արդեն սովորական է դառնում: Ընտանեկան պայմաններում ևս մի տարի անցկացրեցինք»:
Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Իրանի Արաք քաղաքում, Հայաստան է ներգաղթել 1946-ին: Նրան մեծ ժողովրդականություն են բերել «Կարինե» (1967թ.), «Քաոս» (1973թ.), «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.), «Խոհարարները եկել են մրցույթի» (1977թ.) և այլ ֆիլմերում մարմնավորած անզուգական կերպարները:
Եղել է Երևանի Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորն ու գեղարվեստական ղեկավարը, այնուհետ հիմնադրել է «Ագուլիս» մանկական թատրոնը: Շուշիում բացվել է Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոն: Երվանդ Մանարյանը հանդես է եկել որպես ռեժիսոր բազմաթիվ ֆիլմերում, ինչպիսիք են, օրինակ՝ «Հայկական մանրանկարչությունը», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը»։ Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։
Past.am-ը Երվանդ Մանարյանին մաղթում է քաջառողջություն և երկար տարիների կյանք:
Լևոն Փանոսյան




















































