«Քվանտ» վարժարանին անշարժ գույք եւ հողամաս են նվիրաբերել
ОБЩЕСТВОԿառավարության վաղվա նիստում հավանության կարժանանա մի նախագիծ, որով «Քվանտ» ուսումնագիտական արտադրական կոոպերատիվին կնվիրաբերվի Երեւան քաղաքի Բագրատունյաց 23/3 հասցեում գտնվող 24 միլիոն 998 հազար դրամ արժեքով 308.9 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը եւ 494.85 քառակուսի մետր մակերեսով հողամասը, ինչպես նաեւ Բագրատունյաց 23/4 հասցեում գտնվող 337 միլիոն 350 հազար դրամ արժեքով 3134,15 քառակուսի մետր մակերեսով շենքը եւ դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ` 0.208041 հեկտար հողամասը:
Նախագիծը կառավարությանը կներկայացնի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
«Քվանտ» ուսումնագիտական արտադրական կոոպերատիվը Հայաստանի Հանրապետության առաջին փորձարարական ոչ պետական դպրոցն է, որը 2011-ից ստացել է Միջազգային բակալավրիատի (ՄԲ) «Դիպլոմա» ծրագրի իրականացման թույլտվություն: «Քվանտ» վարժարանը ոչ միայն Հայաստանի առաջատար դպրոցներից մեկն է, այլեւ հանրակրթության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող նորարարական-գիտական կենտրոն, որի մի շարք մշակումներ արդեն ներդրվել են հանրակրթության ոլորտում: Վարժարանի շրջանավարտները ստանում են պետական ատեստատ, իսկ ՄԲ ծրագրով սովորողները նաեւ ՄԲ դիպլոմ, որը հիմք է հանդիսանում առանց ընդունելության քննությունների աշխարհի բազմաթիվ առաջատար համալսարաններ ընդունվելու համար:
Համաձայն ՀՀ կառավարության 2014թ. մարտի 13-ի որոշման՝ Երեւան քաղաքի վերոնշյալ հասցեներում գտնվող շինություններն ու հողամասերն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել են «Քվանտ» ուսումնագիտական արտադրական կոոպերատիվին՝ պայմանով, որ կազմակերպության կողմից ստանձնած 39 միլիոն դրամի ներդրումները երեք տարվա ընթացքում կատարելուց հետո կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից առաջարկություն ներկայացվի ՀՀ կառավարություն՝ նշված անշարժ գույքը «Քվանտ» ուսումնագիտական արտադրական կոոպերատիվին նվիրաբերելու վերաբերյալ:
Քանի որ «Քվանտ» վարժարանի կողմից ոչ միայն ամբողջությամբ կատարվել են այդ ներդրումները, այլեւ գերազանցել սահմանված թիվը՝ կատարվել է ավելի քան 200 միլիոն դրամի ներդրում, ինչպես նաեւ այն, որ ընկերությունը պարտավորվել է նվիրաբերվող տարածքում երեք տարվա ընթացքում կատարել եւս 15 միլիոն 500 հազար դրամի ներդրումներ՝կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը կներկայացնի «Գույք նվիրաբերելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



