Մոդել Աննա Դեմիրխանյանը՝ անհատական ոճաբան լինելու մասին
ЛАЙФԱննա Դեմիրխանյանը մոդելինգով զբաղվում է վաղուց, սակայն գեղեցկուհուն ավելի շատ սկսեցին ճանաչել անցած տարի, երբ մոդելը Հայաստանը ներկայացրեց «Միսիս Գլոբ 2015» գեղեցկության մրցույթում։ Ի՞նչ է փոխվել Աննայի կյանքում գեղեցկության մրցույթին մասնակցելուց հետո եւ ինչո՞վ է զբաղված մոդելն այս պահին․ Իր նորություններով Աննան կիսվել է NEWS.am STYLE-ի հետ։

«Կարելի է ասել՝ մրցույթից հետո ոչինչ չի փոխվել իմ կյանքում։ Նույնքան առաջարկներ եմ ստանում, որքան որ դրանից առաջ էի ստանում, որքան որ հնարավոր է ստանալ Հայաստանի պայմաններում։ Բայց մոդելինգն ինձ համար հոբբի եմ համարում եւ ոչ բոլոր առաջարկներն եմ ընդունում»,-ասում է մոդելը, որին վերջին շրջանում տեսնում էինք նաեւ որպես հաղորդավարուհի․

«Հաղորդավարուհու փորձ վաղուց ունեի, իսկ «Բարեւ Զինվոր» հաղորդման ժամանակ փոխարինում էի իմ շատ սիրելի Դիանա Մալենկոյին։ Այժմ նոր նախագծի շուրջ եմ աշխատում։ Արդեն պիլոտային տարբերակն ենք նկարահանել, միգուցե մոտ ապագայում այն լինի եթերում։ Ինձ շատ է դուր գալիս հաղորդումներ պատրաստելու ընթացքը»։
Աննան նշում է, որ իր ապագան չի տեսնում մոդելինգի մեջ․

«Միգուցե ինձանից ստացվի լավ Էվելինա Խրոմենչենկո կամ Վլադ Լիսովեց։ Ամեն դեպքում, ես նրանց ուղիով եմ պատրաստվում գնալ: Սիրով աղջիկների հետ կկիսվեմ իմ փորձով եւ գաղտնիքներով։ Նրանց հետ կկսվեմ ոչ միայն որպես մոդել, այլեւ որպես կին, մայր եւ ոճաբան։ Դա միշտ արել եմ ոչ պաշտոնական մակարդակով, նույինսկ այն աղջիկներին եմ օգնել, որոնք ինձ գրել են համացանցով»:
Աննան իր խորհուրդներով հաճախ կիսվում է նաեւ դստեր հետ․

«Նա ընդամենը հինգ տարեկան է, բայց մենք նրա հետ մոտ ընկերուհիների պես ենք, ունենք աղջկական գաղտնիքներ։ Նրա հետ խոսում ենք նաեւ արտաքին տեսքի գաղտնիքներից։ Աղջիկս շատ խելացի է։ Նա արդեն ձեւավորված ճաշակ ունի»։
Կանանց ոճի եւ նորաձեւության մասին խորհուրդներ տալն այնքան է ոգեւորել Աննային, որ մոդելը հստակ որոշել է իր ապագան կապել նման մասնագիտության հետ։ Աննան արդեն հանդես է գալիս, որպես անհատական ոճաբան․

«Այս մասնագիտությունը մեծ տարածում ունի Եվրոպայում եւ ԱՄՆ-ում։ Վերջին հինգ տարիների ընթացքում այն բավականին տարածվել է նաեւ Ռուսաստանում։ Այժմ համագործակցում եմ մի ընկերության հետ․ Հայաստանում մենք այս ոլոտում առաջինը կլինենք։ Ես կօգնեմ, որպեսզի մարդիկ հեշտ կողմնորոշվեն գնումներ կատարելիս․ ըստ այդմ՝ նրանք կխնայեն իրենց ժամանակը, գումարն ու նյարդերը։ Ես առաջնորդվում եմ մեկ սկզբունքով՝ հաճախորդը պետք է դեռ երկար ժամանակ գոհ մնա իր կատարած գնումից։ Ես միշտ հետեւում եմ նորաձեւության թրենդներին, սակայն իմ հաճախորդներին խորհուրդ եմ տալիս գնել եւ հագնել այն, ինչ իրենց է սազում»։
Սյունե Առաքելյան



