Սոֆի Մխեյանը՝ «Wiwivision 2016» այլընտրանքային երգի մրցույթի մասնակից
ВИДЕО«Եվրատեսիլ» երգի մրցույթի մասին թարմ նորություններ ներկայացնող բրիտանական Wiwibloggs կայքը մրցույթի ավարտից հետո որոշել է անգործ չնստել եւ այլընտրանքային երգի մրցույթ հայտարարել՝ «Wiwivision 2016»։ Մրցույթը, կարելի է ասել, «Եվրատեսիլի» կրկնօրինակն է՝ մի քանի տարբերությամբ։ Մասնակից արտիստներին ընտրում են հենց իրենք՝ բլոգերները։ Քվեարկության վերջնական արդյունքը դարձյալ կազմվում է 50/50 հարաբերակցությամբ՝ հիմնվելով կայքի այցելուների (ոչ թե հեռուստադիտողների) եւ բլոգերներից կազմված ժյուրիի (ոչ պրոֆեսիոնալ) ձայների վրա։
Արդեն երկրորդ տարին անընդմեջ հայտարարված մրցույթում հայ երգիչ-երգչուհիներից բլոգերները ընտրել են Սոֆի Մխեյանին, որի «Համաձայն եմ» երգը 20 այլ ստեղծագործությունների հետ պայքարում է եզրափակիչ անցնելու եւ լավագույնը ճանաչվելու համար։
Երկու կիսաեզրափակիչներից ընտրվելու են 13-ական ֆավորիտներ, եւ հենց նրանցից մեկը կդառնա «Wiwivision» այլընտրանքային երգի մրցույթի այս տարվա հաղթողը։
NEWS.am STYLE-ը կփորձի հետեւել մրցույթի ընթացքին՝ ներկայացնելով Սոֆի Մխեյանի գրանցած հաջողությունները։



