«Ուզում եմ որդիս լավ մարդ դառնա». Նարեկ Բավեյանը հայր է դարձել
ЛАЙФԵրգիչ Նարեկ Բավեյանը՝ նույն ինքը «Դոմինո» սիթքոմի Նորիկը, հայր է դարձել: Որդին` Մարկը, ծնվել է երեկ երեկոյան: Tert.am Youth-ը զրուցել է Նարեկի հետ՝ ստեղծագործական նորությունների և անձնական կյանքի փոփոխությունների մասին։
-Ի՞նչ փոխեց Ձեր կյանքում «Դոմինո» սիթքոմը:
-Շատ բան փոխեց։ Մասնագիտական առումով դրական էր այնքանով, որ այն ավելի լայն ճանաչում տվեց ինձ: Բոլորի դեպքում էլ այդպես է, սիթքոմը հնարավորություն է տալիս, որ ավելի լայն զանգվածներում ճանաչելի լինես ու մի քիչ էլ սիրվես: Մի կողմ դնելով հայտնի լինելն ու սիթքոմի վարկանիշները ասեմ, որ աշխատանքս ավելի բազմազան է դարձել, միօրինակությունից դուրս:
-Ինչպիսի՞ հատկանիշներ նկատեցիք, որ նախկինում չէր դրսևորվել:
-Գուցե հումորիս զգացումն ավելի սրվեց…
-Արդյո՞ք սցենարը միշտ է, որ Ձեր սրտով է լինում:
-Միշտ չէ, որ սրտովս է, բայց դա իմ գործը չէ: Եթե առավել մասնագիտորեն այդ հարցին նայենք, ապա սցենարի վրա աշխատում է պրոֆեսիոնալ թիմ, որը վերահսկվում է պրոդյուսերների կողմից և մինչ սցենարը մեզ կհասնի այն արդեն բազմիցս աչքի անցկացված ու քննարկված է լինում: Սցենարիստների հետ անշուշտ հակասություններ եղել են, բայց ոչ ամբիցիաների սահմաններում: Սիթքոմի թիմը շատ լավն է, ընկերացել եմ բոլոր դերասանների հետ:
-Իսկ ի՞նչ նորություններ կան երգիչ Նարեկ Բավեյանի կյանքում:
-Նոր երգի վրա ենք աշխատում, խոսքերի հեղինակը Գայանե Ավետիսյանն է՝ «Դոմինո»-ում դոկտորի կինը, երաժշտության հեղինակը ես եմ, իսկ գործիքավորումն անում է Արա Թորոսյանը (Մուրզիկը): Երգի անունը դեռ չենք որոշել, որովհետև ես իմ տարբերակն ունեմ Գայուշն իրենը։ Համաձայնության չենք գալիս: Սպասում ենք գործիքավորմանը, որպեսզի ձայնագրվեմ: Իսկ վերջերս նոր տեսահոլովակիս շնորհանդեսը եղավ, որը համընկավ ապրիլյան պատերազմի օրերի հետ: Ես միանգամից դադարեցրի գովազդային արշավներն ու երգի շնորհանդեսը հեռուստատեսություններով: Ավելին ասեմ, շատ վատ եմ վերաբերվում, որ այդ օրերին որոշ երգիչներ իրենց երգերի գովազդային արշավները չդադարեցրին:




