Ես չեմ կարծում, որ Զախարովան իշխանությունների, պետության կարծիքն է արտահայտել. Լեռնիկ Ալեքսանյան
ИНТЕРВЬЮ
Past.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Նժդեհի արձանի հետ կապված հայտարարություններին, Հանրապետական կուսակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ անձամբ չի կարդացել տեքստը, բայց լսել է հայտարարության մասին:
«Դա համարում եմ Հայաստանը, հայերին ու մեր պատմությունը լավ չճանաչելու արդյունք: Ես չգիտեմ՝ քանի՞ տարեկան է ինքը: Ռուսաստանում էլի են եղել հայերին նացիոնալիզմի մեջ մեղադրելու դրսևորումներ: Կրկնում եմ՝ դա պատմությունը, Նժդեհի կենսագրությունը չիմանալու հարց է: Բայց նրա բառերը չգիտեմ, որ ավելի խորը կարողանամ մեկնաբանել»,- ասաց Ալեսքանյանը:
Հարցին` Զախարովայի ղեկավարները նույնպե՞ս չգիտեն Նժդեհին, ՀՀԿ խմբակցության պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Զախարովան իշխանությունների, պետության կարծիքն է արտահայտել: Ես շատ լավ գիտեմ, որ ռուսները մեր պատմությանը լավ չեն տիրապետում՝ խառնում են դաշնակներին, Նժդեհին, մյուս գործիչներին:
Բոլորին տարբեր պիտակներ են տալիս»: Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրմամբ:
«Բոլորը գիտեն մեր վերաբերմունքը Հայրենական մեծ պատերազմի, ինչպես նաև նացիզմի, ռասիզմի, ծայրահեղականության հերոսացման նկատմամբ: Այդ հարաբերությունները ամրագրված են նաև միջազգային փաստաթղթերում: Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է այդ արձանը տեղադրվել: Չէ՞ որ մենք բոլորս գիտենք հայ ժողովրդի անմահ սխրանքը Հայրենական պատերազմում, Երկրորդ համաշխարհային պատերազմում»,- ասել է Զախարովան:
Լևոն Փանոսյան




















































