«Ես գտել եմ իմ կեսին». Ռաֆայել Երանոսյան
ЛАЙФTert.am Youth-ը գրում է.
Դերասան Ռաֆայել Երանոսյանը, ով միշտ աչքի է ընկնում բուռն ստեղծագործական կյանքով, վերջերս ակտիվ մասնակցություն է ունենում բազմաթիվ ներկայացումներում և նախագծերում: Այս առթիվ Tert.am Youth-ը զրուցեց դերասանի հետ` պարզելու համար, թե ինչ է սպասվում հեռուստադիտողին և ընթերցողներին:
Ստեղծագործական ի՞նչ փուլում եք: Նոր կերպարում, ե՞րբ է հանդիսատեսը Ձեզ տեսնելու:
-Ստեղծագործական բավականին ակտիվ շրջանում եմ: Վերջերս, Կամերային թատրոնում «Ճերմակ արագիլներ» ներկայացման պրեմիերան էր: Թատրոնում նոր փորձեր ևս արվում են, սակայն ներկայացումը բեմում կլինի աշնանը: Հունիսի յոթին տեղի ունեցավ նաև Նարեկ Դուրյանի՝ «Կնոջ անունն է Մորիս» ներկայացման պրեմիերան: Նարեկ Օհանիչի հետ աշխատելը, դա աննկարագրելի ուրիշ զգացողություն էր: Հունիսի 16-ից հյուրախաղերի ենք մեկնելու՝ եվրոպական յոթ քաղաք: Ֆիլմերի նոր առաջարկներ էլ ունեմ, սակայն դրանք կսկսեմ օգոստոս ամսից: Պարբերաբար <<Stend>> ակումբում էլ փոքրիկ սթենդափեր եմ ունենում: Դերասանը երբեք ազատ պետք է չմնա, քանի որ «ժանգոտելու» վախը բոլորիս է սպառնում:

Ռեժիսոր Արշո Հարությունյանի «Հայրերը» ռուսական բազմասերիանոց ֆիլմում նկարահանվող մի քանի հայ դերասաններից մեկն էլ Դուք էիք: Չկա՞ն նոր առաջարկներ:
-Ռուսական սերիալը դեռ եթերում չի եղել, քանի որ մոնտաժային աշխատանքներ են տարվում: Երկրորդ նախագիծ էլ է արվելու, սակայն իմ մասնակցության մասին դեռ հստակ առաջարկ ու որոշում չկա: Դեմ չեմ լինի, եթե առաջարկեն:

Բավականին լուրջ ներկայացումներից հետո՝ «Քարե դարդ» սիթքոմ: Հաճելի է, թե՞ անհրաժեշտ:
-Ես ինչ կեղտի մեջ էլ, որ մտնում եմ, ապա դա անում եմ հաճույքով: Բոլորս էլ աշխատում ենք, որ գումար վաստակենք: Տարբերությունն այն է, որ փորձում եմ ամեն ինչ անել՝ մնալով արվեստի կողքին: Այստեղ մարմնավորել եմ բավականին հաջողված կերպար, որին սիրել են շատերը: Երեխաների սիրելի կերպարն եմ, իսկ դա քիչ չէ:

Ի դեպ, չե՞ք ուզում ամուսնանալ:
-Հիմա ինձ թվում է, որ պապաս սկսեց խոսել (ծիծաղում է): Տանը ամբողջ օրը այդ խոսակցությունն է: Անգամ փողոցում են ինձ մոտենում ու նույն հարցը տալիս: Ճիշտն ասած՝ շատ եմ ուզում, սակայն դրա ժամանակն էլ կգա: Անձնական կյանքից խոսել չեմ սիրում: Չեմ կարծում, որ մարդկանց հետաքրքրում է իմ անձնական կյանքը: Երբ որոշեմ ամուսնանալ, ապա դա բացառապես ինձ է վերաբերելու և հանրության հետ չեմ կիսվելու: Անձնականս, կեսս միայն իմն է:
Գտել ե՞ք կեսին:
-Իմ կողքին միշտ կա, այն միակը ով իմ կողքին է: Ես Նրան չեմ ուզում հանրությանը հրամցնել: Ես գտել եմ իմ կեսին, բայց Նրա մասին խոսելու ժամանակը դեռ նոր է գալու:)



