Հոգու ցանկությո՞ւն, թե՞ կոմերցիա. hաղորդավար Վարդան Բարսեղյանը կներկայանա տեսահոլովակով (տեսանյութ)
ЛАЙФՀաղորդավար Վարդան Բարսեղյանը վերջին շրջանում լրատվական կայքերից մեկում ներկայանում էր «Բանավիճիր ինձ հետ» հաղորդմամբ, որի շրջանակներում նույն մասնագիտության երկու սերնդի ներկայացուցիչներ քննարկում էին իրենց մասնագիտության հետ կապված հարցեր և խնդիրներ: Վարդանը նաև նկարահանվում է տարբեր երգիչների տեսահոլովակներում:
Մենք տեղեկացանք, որ հաղորդավարը զբաղված է սեփական տեսահոլովակի նկարահանման աշխատանքներով, որի պրեմիերան կլինի շատ շուտով: Երգը, որի հիման վրա նկարահանվում է տեսահոլովակը, կոչվում է «Մայրիկ»: Երգի երաժշտության և գործիքավորման հեղինակն է Վահե Ալեքսանյանը, խոսքերի հեղինակն է դերասանուհի Նաիրա Մովսիսյանը: Տեսահոլովակի ռեժիսորն է Վահե Ալեքսանյանը: Տեսահոլավակում նկարահանվել են Անահիտ Մութաֆյանը, Գրիգոր Սուքիասյանը, Նուշիկ Մարգարյանը, Արամ Ավետիսյանը, Ալլա Նավասարդյանը, Դանիել Հայրապետյանը, Գևորգ Սուքիասյանը, Արմեն Նավասարդյանը և ՀՀ վաստակավոր արտիստուհի, դերասանուհի Գայանե Մկրտչյանը:
Past.am-ի հետ զրույցում Վարդանը նշեց, որ երգում է շատ վաղուց: Մեր հարցին՝ սա կոմերցիո՞ն քայլ է, թե՞ հոգու ցանկություն, Վարդան Բարսեղյանը պատասխանեց. «Ունեմ արդեն 5 հեղինակային երգ: Վաղուց ցանկություն կար ունենալ երգ մոր մասին, ու երազանաքս դարձավ իրականություն: Հետևաբար, այս ամենը չէր կարող լինել կոմերցիոն քայլ: Այն ուղղակի հոգու ցանկություն է: Մենք այս տեսահոլավակով դիմում ենք այն զավակներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով լքում են իրենց մայրերին, ծնողներին, իսկ մայրերը մնում են կարոտով ու սպասումով: Դիմում ենք զավակներին, որ կգա մի օր, երբ արդեն ուշ կլինի որևէ բան փոխել: Այն սերն ու ջերմությունը, որ կա, պետք է ժամանակին տալ ծնողներին: Գուցե գա մի օր և այլևս ուշ լինի»:
Անդրադառնալով իր հաղորդավարական գործունեությանը՝ մեր զրուցակիցն ասաց. «Նորություններ կլինեն աշնանը: Նոր ու ժամանցային հաղորդում: Առաջ Աստված»:
Վերջում Վարդանը հույս հայտնեց, որ տեսահոլովակը կսիրվի հանդիսատեսի կողմից:
Լևոն Փանոսյան




















































