Միքայել Մելքումյանն ակնկալում է, որ առաջիկա ամիսներին Ընտրական օրենսգրքում լրացումներ կարվեն
ОБЩЕСТВО«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ է, որպեսզի Ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձևաչափի շրջանակում քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության միջև կոնսենսուս ձևավորվի: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Ընտրական օրենսգիրքն ուժի մեջ է մտել հունիսի 1-ից: Գիտեք, որ հիմնական խնդիրը կոնսենսուսի ձևավորումն է: Արդեն հայտարարվել է, թե հնարավորություն կա, որ այդ կոնսենսուսը լինի: Մենք կողմ ենք, որ 4+4+4-ի շրջանակում գործընթացներ լինեն, և սեպտեմբեր-հոկտեմբերին Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվեն»,- նշեց Մելքումյանը:
Մելքումյանը հիշեցրեց, որ ԲՀԿ-ի սկզբունքային առաջարկներից մեկը շարունակում է մնալ բոլոր ընտրողներին նույնականացման քարտերով ապահովելը, որպեսզի նրանք գրանցման փուլին մասնակցեն նույնականացման քարտերով: «Մեզ համար կարևոր է նաև մատնահետքերի նույնականացումը: Այդ մատնահետքերը դրվելու են ընդհանուր բազայում, և առաջ շարժվելու լուրջ հնարավորություն է լինելու դա»,- եզրափակեց Մելքումյանը:



