Փոստային առաքմամբ Ֆրանսիայից Հայաստան թմրամիջոց են ուղարկել
ОБЩЕСТВОԵրեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ դեպի Հայաստան փոստային առաքմամբ թմրամիջոց տեղափոխելու դեպքի առթիվ:
Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ Արամ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գտնվելով Ֆրանսիայում իր ընկերոջ` Ժորա Ոսկանյանի օժանդակությամբ, փորձել է Հայաստանում առանձնապես խոշոր չափերի «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցն ապօրինի իրացնել: Նազարյանը 2013թ-ին Ֆրանսիայում ձեռք էր բերել «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող 300 հատ «սուբոտեքս» տեսակի դեղահաբ, եւ պայմանավորվածության համաձայն, դրանցից 10 հատը Ժորա Ոսկանյանին, իսկ մնացածը` վերջինիս միջոցով այլ անձի իրացնելու նպատակով, մաքսային հսկողությունից թաքցնելով՝ մաքսանենգ ճանապարհով փոստային առաքման միջոցով ուղարկել էր Հայաստան:
Նախկինում դատվածությւոն ունեցող Արամ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի երրորդ մասի երկրորդ կետով եւ 215-րդ հոդվածի երկրորդ մասով: Սրանցից առաջինը նախատեսում է յոթից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, իսկ երկրորդը՝ չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



