Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը՝ մելանոմայի առաջացման պատճառ
ОБЩЕСТВОԻնչպես արդեն հայտնել է Past.am-ը, հունիսի 9-11-ը Երևանում կանցկացվի «Մելանոմայի վաղ ախտորոշման և կանխարգելման օրեր Հայաստանում» բարեգործական միջոցառումների շարքը: Հայկական համաքաղցկեղային լիգայի նախագահ Գրիգոր Բադալյանի խոսքով՝ «Մելանոմա Day»-ն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում: «Մելանոման մաշկի չափազանց վտանգավոր ուռուցք է: Այն իր ագրեսիվությամբ շատ վտանգավոր է, սակայն, երբ նախնական փուլում հայտնաբերվում է, բուժումը 90%-ից բարձր է լինում: Գիտենք, որ կան ուռուցքներ, որոնք չեն երևում, օրգանիզմի խորքում են և դրանց դեմ պայքարելը շատ ավելի դժվար է, քան մելանոմայի: Հայաստանում տարեկան գրանցվում է մելանոմայի բացահայտման մինչև 60 դեպք»,- նշեց նա:
Մաշկաբանության և սեռավարակաբանության ԳԲԿ տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Բաբայանը խորհուրդ տվեց հետևել սեփական առողջությանը և տարին գոնե մեկ անգամ հետազոտվել: Ըստ նրա՝ խալերը կարող են վերածվել մելանոմայի, կարող է տեղի ունենալ արնահոսում: Մասնագետն ընդգծեց, որ դրա պատճառներից է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը: «Արևի շողերը հատկապես վտանգավոր են ժամը 10.00-16.00-ն ընկած ժամանակահատվածում»,- ավելացրեց բժիշկը:
Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանն էլ ասաց, որ ներկայում մելանոման նախնական շրջանում բուժվող հիվանդություն է: Նրա խոսքով՝ մեր բժշկությունը լավ մակարդակի վրա է գտնվում: «Մենք ցանկանում ենք, որ մարդկանց ուշադրությունն այն աստիճան բարձրանա, որ նկատելով մաշկի վրա թեթև շեղումներ՝ դիմեն համապատասխան մասնագետի»,- նշեց Գևորգ Գրիգորյանը:
Լևոն Փանոսյան



