Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է ոչնչացնել հայկական ընտանիքը.Գուրգեն Եղիազարյան
ПОЛИТИКАԱյսօր՝ օգոստոսի 11-ին, սահմանադրական փոփոխությունների մասին իրենց կարծիքներն են հայտնել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանն ու քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:
Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի գնահատականին՝ Եղիազարյանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովը, որն արդեն իսկ գնահատական է հնչեցրել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, ցանկանում է ոչնչացնել հայ ընտանիքը, ցանկանում է, որ ընդունենք կանոնները, որոնցով ապրում են եվրոպական պետությունները:
Ըստ բանախոսի՝ մենք իրավունք չունենք կորցնել մեր ընտանիքները: Գուրգեն Եղիազարյանը նաև ասաց, որ սահմանադրական փոփոխությունները կատարվում են միայն մեկ նպատակով, որպեսզի ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը կարողանան ազատորեն վերարտադրվել:
«Մենք այլ տարբերակ չունենք, քան ունենալ ուժեղ նախագահական կառավարման համակարգ»,- հավելեց նա:
ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ իր հերթին հավելեց, որ ոչ թե ուժեղ նախագահական համակարգ, այլ ուժեղ պետություն է պետք ունենալ: Նա ընդգծեց, որ ուժեղ պետություն ունենալը կապ չունի նախագահական կամ խորհրդարանական համակարգերի հետ:
«Գործող սահմանադրությունը չի պահպանում քաղաքական հավասարակշռությունը՝ լայն լիազորություններ տրամադրելով հատկապես նախագահին»,- նշեց Ալեքսանյանը:
Լևոն Փանոսյան



