Արմավիրի մարզում հակակարկտային կայաններ կտեղադրվեն
ОБЩЕСТВОՎաղը կայանալիք կառավարության հերթական նիստի օրակարգ է ներառվել նաեւ Արմավիրի մարզպետարանին գումար հատկացնելու վերաբերյալ հարցը: Նախագծի նպատակներից մեկը Արմավիրի մարզում կարկուտի եւ ուժեղ քամու հասցված վնասի հետեւանքով առաջացած հիմնախնդիրների լուծումն է:
Նախագիծը կառավարությանը կներկայացնի տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Բանն այն է, որ մայիսի 23-ին տեղի ունեցած ուժեղ քամին եւ կարկուտը մեծ վնասներ են պատճառել մարզի մի շարք գյուղերի:
Այսպես, Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետին ներկայացվել էին մայիսի 23-ին մարզում տեղի ունեցած կարկտահարության եւ ուժեղ քամու հետեւանքով մարզի Արգինա, Տանձուտ, Արեւիկ, Եղեգնուտ եւ Արտաշար համայնքներին պատճառված վնասները:
Հետագայում կարկուտի հասցրած վնասներից խուսափելու նպատակով հատկացվելիք գումարով մարզի նշված համայնքների համար նախատեսվում է ձեռք բերել եւ տեղադրել թվով 12 հակակարկտային կայաններ, որոնց ընդհանուր արժեքը կկազմի 36 միլիոն դրամ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



