Հայաստանը լավագույնն էր ՇՀԿ-ի կազմակերպված մանկական նկարների ցուցահանդեսում
КУЛЬТУРА
Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարության նախաձեռնությամբհունիսի 3-ին Պեկինում տեղի ունեցավ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մանկական նկարների միջազգային ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը, որը կրում էր «Ամբողջ աշխարհի երեխաների բարեկամությունը» խորագիրը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ցուցահանդեսին ներկայացված էին ՇՀԿ անդամ, դիտորդ և երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ունեցող երկրների մանուկների ավելի քան 500 մանկական աշխատանքներ, որոնք բոլորն, առանց բացառության, իրենց գունեղ գործերում արծարծել էին բարեկամությունն ու խաղաղությունը, պայծառ ապագան ու բոլոր մանուկների երջանիկ ու անհոգ մանկությունը։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Երևան քաղաքից ցուցահանդեսին ներկայացված փոքրիկ Մարինեի աշխատանքը համարվել է լավագույնը և դարձել ցուցահանդեսի խորհրդանիշը։ Նրա աշխատանքում աշխարհի ազգային դրոշները դարձել էին հաստաբուն մի ծառի տերևներ, որի շուրջ պարում են տարբեր ազգությունների երեխաներ։
Բացման արարողությանը ներկա էին Պեկինում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, ՇՀԿ գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը, Չինաստանում UNICEF-ի տնօրենը, ինչպես նաև չինական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ»:




















































