Որքա՞ն գումար է ծախսել Սամվել Կարապետյանը որդու հարսանիքի համար
ФОТО
Հունիսի 4-ին մոսկովյան «Սաֆիսա» հանդիսությունների սրահում կայացել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի հարսանիքը: Նույն սրահում ամիսներ առաջ տեղի է ունեցել «Ռուսնավթ»-ի համասեփականատեր Միխայիլ Գուցերիեւի որդու հարսանիքը (ելույթ են ունեցել Սթինգը, Բեյոնսեն, Ջենիֆեր Լոպեսը, Պատրիսիա Կաասը, Էնրիկե Իգլեսիասը եւ Ալլա Պուգաչովան), որը մեծ աղմուկ բարձրացրեց ոչ միայն ռուսական մամուլում, այլեւ հայտնվեց արտասահմանյան պարբերականների էջերին։
Ճիշտ է, Սարգիս Կարապետյանի, որը հոր ընկերությունում զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը, եւ նրա ընտրյալ Սալլի (Սալոմե) Կինցուրաշվիլիի հարսանեկան շքեղ հանդիսությունն այդքան մեծ իրարանցում չի առաջացրել, բայց արդեն հասցրել է արժանանալ «այս ամռան ամենաթանկարժեք հարսանիք» կոչմանը։ Իսկ մասնագետները սկսել են հաշվել, թե մոտավոր որքան գումար է ծախսել Սամվել Կարապետյանը այս շքեղ հարսանիքի համար։
Սարգսի եւ նրա վրացուհի հարսնացուի կյանքի ամենակարեւոր իրադարձությանը ներկա են եղել 500 հյուրեր, այդ թվում՝ Ալլա Պուգաչովան, Գրիգորի Լեպսը, Ֆիլիպ Կիրկորովը, Վալերի Մելաձեն, Նիկոլայ Բասկովը, Դիմա Բիլանը, Տիմատին, ինչպես նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հանդիսավարների դերում էին Տատյանա Գեւորգյանը, Անդրեյ Մալախովն ու Վերա Բրեժնեւան։
Միջոցառման գլխավորը հյուրը հանրահայտ Maroon 5 փոփ-ռոք խումբն էր: Խմբի մենակատար Ադամ Լիվայնը կատարել է «Sugar», «This love» եւ մի քանի այլ հիթեր։ Հաշվի առնելով այն փաստը, որ խումբը, այսպես թե այնպես, պետք է ժամաներ Մոսկվա՝ «Олимпийский» համալիրում մենահամերգ տալու, մասնագետների հաշվարկներով՝ խմբի հոնորարը կազմել է 500-800 հազար դոլար։
Իր կյանքի ամենակարեւոր օրվա համար հարսնացուն ընտրել էր հանրահայտ Elie Saab ապրանքանիշի զգեստ եւ Tiffany&Co բրենդի Savoy շքեղ զարդ՝ մոտ 200 հազար դոլար արժողության։
Հատկանշական է, որ այդ զարդը «Մեծն Գեթսբի» ֆիլմում կրել է գլխավոր դերակատար Քերի Մալիգանը:
Հարսանեկան արարողությունն ավելի տպավորիչ են դարձրել սրահի ծաղկային ձեւավորումները, ինչպես նաեւ 6 մետրանոց տորթը, որը ներս բերելիս դիպել է ջահերին։
Այսպիսով, ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ Սամվել Կարապետյանի քսակն այս հարսանիքից հետո թեթեւացել է 2 միլիոն դոլարով։
Աղբյուրը՝ NEWS.am STYLE




















































