Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. Արգինայի գյուղապետ
ОБЩЕСТВОԱրմավիր մարզի Արգինայի գյուղապետ Մուշեղ Գրիգորյանի խոսքով` երեկ տեղացած կարկուտը Արգինային վնասել է, բայց ոչ էականորեն, որովհետև գյուղի այգիներին հիմնական վնասը պատճառել էր մայիսի 23-ի կարկուտը:
«Արդեն էական էլ չի վնասի չափը, քանի որ հիմնական վնասն ամսի 23-ի կարկուտն էր հասցրել, երեկ նույն տեղերը խփել ա: Ինչպես ասում են` կարկուտը ծեծած տեղն է ծեծել։ Երևի 70-90 տոկոս վնասվածություն կա»,- Tert.am-ին ասաց Արգինայի գյուղապետը:
Նույն մարզի Ամբերդ գյուղի գյուղապետ Մանվել Բաբայանն էլ Tert.am-ին հայտնեց, որ գյուղը ահավոր վնասվել է. վաղ մարզպետարանի հանձնաժողովները կոնկրետ վնասի չափը կորոշեն:
«Բայց երեկ համարյա ամեն ինչ կարկուտը խփեց, ու այս պահին էլ խփում է, կարկտի տակ եմ, ձայնը չի լսվում»,-հաղորդեց գյուղապետը:
Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի գյուղապետ Արման Մարգարյանը, երևի թե միակն էր, որ ասաց, որ իրենց գյուղում այդչափ ավերածություններ կարկուտը չի պատճառել:
«Երեկ 9 րոպե տեղաց, ժամ են բռնել, բայց մեր գյուղում համատարած չի եղել, երակով, ոնց որ ասում են: Կարին թաղամաս կա, այդ հատվածում չի խփել, բայց մնացած տեղերում՝ ծիրան, խաղող ահագին վնասել է»,-ասաց նա։



